
Exclusive
Վաղը մեծ էկրան կբարձրանա ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի նոր՝ «Հյուսիս-Հարավ» կատակերգությունը, որն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է վայելում լսարանի կողմից: BlogNews.am-ը պրեմիերային ընդառաջ դերասանների հետ խոսել է իրենց կերպարների և նկարահանման հետաքրքիր դրվագների մասին:
Մկո
Կերպարս մի քիչ գրոտեսկային է, որը սարսափ է առաջացնում Դավիթ Թովմասյանի կերպարի՝ Նվերի մոտ: Խաղում եմ մեծահարուստի դեր: Ես բազմիցս մարմնավորել եմ մեծահարուստի դերեր: Կա ստերիոտիպ, որից չես կարող շատ շեղվել, սակայն հնարավորինս փորձել ենք այնպես անել, որպեսզի կերպարս տարբերվի: Խնդիր կար, որ այս կերպարս վիզուալ էլ տարբերվեր մյուսներից, ինչը ևս փորձել ենք ստանալ:
Ինձ համար շատ հետաքրքիր էր խաղալ այս դերը: Մեծ սպասումներ ունեմ, որ ֆիլմը կհաջողվի և կսիրվի հանդիսատեսի կողմից:
Սոնա Շահգելդյան
Կերպարս շատ վառ անհատականություն է: Ռեստորանի տնօրեն-մենեջեր է, ով շատ պահանջկոտ ու խիստ է, ամեն բան ինքն է կազմակերպում, բոլորին իշխում է, և իրեն ենթարկվում են: Դրա հետ մեկտեղ նա շատ է օգնում երաժիշտներին: Կարելի է ասել՝ և՜ խիստ է, և՜ փխրուն: Որոշ հատկանիշներով այս կերպարը մոտ է ինձ:
Շատ դժվար էր հանդես գալ այս դերով, կարծում եմ՝ ամեն մեկը չէր կարող խաղալ այն: Սա ռիսկային կերպար է, որը կա՛մ պետք է լավ խաղալ, կա՛մ չխաղալ:
Սոս Ջանիբեկյան
Ես նմանատիպ կերպարում չեմ եղել, քանի որ այս կերպարս չափազանց ռոմանտիկ է: Ինձ համար այն շատ գրավիչ էր, քանի որ հերոսս երևանցի լավ տղա է, ով չունի ագրեսիա, արվեստի մարդ է, նա իր նվագախմբի հետ ունի երևանյան կոլորիտ:
Ես մեծ արժեք ու կարևորություն չեմ տալիս ռեյթինգ հասկացողությանը: Իմ ակնկալիքները միայն մասնագիտական են: Կարծում եմ՝ հումորային կերպարում Դավիթ Բաբախանյանի շնորհիվ նոր քայլ եմ արել, քանի որ նա մեծ փորձ ունի և կարողանում է նկատել՝ հումորը որտեղ կարող է հաջողված լինել: Քայլս առա՞ջ էր, թե՞ ոչ, կդատի հանդիսատեսը:
Դավիթ Թովմասյան
Իմ կերպարը՝ Նվերը, լաբորանտ է: Նա ունի երեք մտերիմ ընկեր, որոնց մարմնավորում են Սոս Ջանիբեկյանը, Միշոն և ՀՏ Հայկոն, և սիրած աղջիկ, ում ուզում է գրավել: Գրագետ, բայց միամիտ տղա է, ով միշտ փորձում է զգույշ լինել, սակայն հայտնվում է արկածային իրավիճակներում: Այդ իրավիճակներից նրան փորձում են ազատել ըկերները:
Շատ հետաքրքիր էր խաղալ այս կերպարը, քանի որ մի շարք տեսարաններում պետք է ցույց տայի, թե հալյուցինացիաների մեջ եմ և խաղայի անիմացիոն առարկաների, կենդանիների դեմ: Կարծում եմ՝ ռեժիսորի և անձնակազմի շնորհիվ հաջողակ ֆիլմ կլինի:
Դիանա Մալենկո
Կերպարս համապատասխանում է «լավ» և «ճիշտ» աղջկա բոլոր դրսևորումներին, ում դժվար է չսիրահարվել։ Նկարահանումները շատ լավ անցան: Տեսարաններից մեկի նկարահանման ժամանակ, երբ բոլորս համապատասխան հագուստներով ու կերպարներով էինք, ուժեղ անձրև սկվսեց, ուժեղ քամի էր, որը քշում էր մեր տաղավարը: Բոլորս այդ երկար թիկնոցներով ու գրիմով բռնել էինք տաղավարը, որպեսզի քամին չքշի այն: Կինոն տեղափոխվել էր այնտեղ:) Մեզ թվում էր՝ անձրևի պատճառով վերջին տեսարանը չի ստացվել, բայց սխալվում էինք:
Մարջան Ավետիսյան
Ես մարմնավորում եմ բնապահպան ակտիվիստ կնոջ, ով պայքարում է, որպեսզի տարածքում շինարարություն չսկսվի: Հերոսուհիս ինքնամոռաց ակտիվիստ է, կարող է օրերով տուն չգնալ, որպեսզի հասնի իր նպատակին և լուրջ խնդիրներ է ստեղծում մյուս հերոսների համար: Չեմ կարող ասել, թե կերպարս ինձ նման է, բայց ինձ համար հետաքրքիր էր խաղալ այս դերը:
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի