Բահրեյնի թագավոր Համադ իբն Իսա ալ-Խալիֆան հայտարարել է, որ իր 2 որդիները՝ շայխ Նասիր իբն Համադը և շայխ Խալիդ իբն Համադը, շուտով կմիանան Եմենում հութիների դեմ մարտնչող կոալիցիոն ստորաբաժանումներին:
«Իմ որդիները կմիանան Եմենում մարտնչող արաբական կոալիցիայի մարտիկներին. դա նրանց պարտքն է՝ որպես Բահրեյնի բանակի զինծառայողներ»,- նշել է Բահրեյնի միապետը:
Թեպետ որոշ փորձագետներ նշում են, որ սա Բահրեյնի պատասխան քայլն է սեպտեմբերի 4-ին հութիների կողմից Եմենի Մաղրիբ քաղաքում գտնվող ռազմական պահեստների հրթիռակոծման հետևանքով Արաբական Միացյալ Էմիրությունների բանակի 45, սաուդցի 10 և բահրեյնցի 5 զինծառայողների ոչնչացման, այնուամենայնիվ, չի բացառվում, որ վերոնշյալը նաև PR քայլ է մեծամասամբ շիայադավան բնակչություն ունեցող Բահրեյնում հնարավոր հասարակական դժգոհությունները կանխելու նպատակով:
Ի դեպ, Կատարը ևս 1000 հոգանոց ռազմական ստորաբաժանում, այդ թվում՝ 200 միավոր զրահատեխնիկա և Apache տեսակի 30 մարտական ուղղաթիռ է ուղարկել Եմեն:



