Tert.am-ը գրում է.

Հայկական կողմի շահերից չի բխում խախտել հրադադարի ռեժիմը: Tert.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: «Մենք նման նպատակ չունենք` ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական: Մեր խնդիրը առաջ գնալը, Բաքուն գրավելը չէ, իսկ Ադրբեջանը նման հարց է դրել իր առաջ, պաշտոնապես հայտարարել է, որ Ղարաբաղը գրավելու են: Այնպես որ, ռազմաքաղաքական տեսանկյունից, ՀՀ-ն և ԼՂ-ն շահագրգռված չեն խախտել հրադադարը»,- ասել է ՊՆ նախկին նախարարը: Անդրադառնալով այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմի ակտիվացումը հաջորդեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցելությանը՝ Վաղարշակ Հարությունյանը շեշտեց, որ Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները սահմանափակվում են գործընկերային բնույթով: «2010թ.-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց արձանագրություն, ըստ որի, ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակման դեպքում Ռուսաստանը պարտավորվում է մտնել պատերազմի մեջ: Սա նշանակում է, որ Ռուսաստանը Ադրբեջանին հակառակորդի պես է վերաբերվում»,- ընդգծել է նա:

- Ո՞րն է սահմանային լարվածության վերսկսման պատճառը:

- Այդ ամենը պայմանավորված է Ադրբեջանի ռազմավարությամբ: Ադրբեջանը հասկանում է, որ չի կարող լուծել հարցը լայնածավալ պատերազմի միջոցով, միևնույն ժամանակ չի ցանկանում հարցի լուծումը փնտրել բանակցություններում: Արդյունքում՝ գործընթացը փաստացի սառեցվել է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից որևէ առաջարկ չի արվում, որովհետև ՄԽ կողմից հնչեցված բոլոր առաջարկները Ադրբեջանը մերժել է:

Ադրբեջանական կողմը այլընտրանք չունի, նրանք հասկանում են, որ բոլոր ճանապարհներն իրենց առջև փակ են, ուստի փորձում են լարվածությունը պահելով` ազդել Հայաստանի և Ղարաբաղի բնակչության վրա, փորձում են վախի մթնոլորտ սերմանել, դրանով խթանել արտագաղթը, ստիպել հայկական կողմին բանակցությունների ժամանակ գնալ զիջումների, շանտաժ անել համանախագահներին և այն պետություններին, որոնք նավթ են արտահանում ու շահագրգռված են տարածաշրջանում կայունության պահպանմամբ: Այս քայլերն ավելի շատ ուղղված են լրատվական պատերազմ սկսելուն, որպեսզի պատերազմի սպառնալիքի տակ հայկական կողմը զիջումներ անի:

- Սահմանային լարվածությունը հաջորդեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցին:  Հնարավո՞ր է, որ Լավրովը ինչ-որ խոստումներ տված լինի Իլհամ Ալիևին, որպեսզի Ադրբեջանը պահի իրենց ազդեցության տակ:

- Լավրովից առաջ Բաքու են այցելել Վլադիմիր Պուտինը, այլ նախագահներ: Իսկ սահմանային լարվածությունը 21 տարի է կա, ուստի կապել այցերի հետ՝ անհեթեթություն է, հեքիաթ: Միջպետական հարաբերությունները գնահատվում են ստորագրված փաստաթղթերով: Եթե մենք հայ-ռուսական հարաբերությունները համեմատենք հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, ապա կտեսնենք, որ ՌԴ-ի հետ մենք ունենք ամենախորը կապերը ռազմական, տնտեսական, անվտանգության ոլորտներում, այն դեպքում, երբ Ադրբեջանն ունի միայն տնտեսական կապեր՝ կապված Կասպից ծովի հետ: Ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները սահմանափակվում են գործընկերային բնույթով: Չմոռանանք, որ 2010թ.-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց արձանագրություն, ըստ որի, ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակման դեպքում Ռուսաստանը պարտավորվում է մտնել պատերազմի մեջ: Սա նշանակում է, որ Ռուսաստանը Ադրբեջանին հակառակորդի պես է վերաբերվում:

- Պարո՛ն Հարությունյան, այն հանգամանքը, որ կիրառվում է որակապես այլ մակարդակի զինամթերք, արդյոք վկայո՞ւմ է պատերազմի վերսկսման հավանականության մասին:

- Եթե ադրբեջանական կողմը կիրառում է մեծ տրամաչափի զենք, մտահոգիչ է, բայց դա չի նշանակում, որ լայնածավալ պատերազմի հավանականությունը մեծանում է: Հավանականությունը կմեծանա, երբ ստեղծի ռազմաքաղաքական այնպիսի իրավիճակ, որ Ադրբեջանը հասկանա, որ կհաջողի այդ գործը: Նման իրավիճակ հիմա չկա:

- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն այլևս փակուղում չէ՞:

- Ստեղծված իրավիճակում չկա որևէ նախապայման, որ հակամարտությունը կարգավորվի: Եթե դիտարկենք հարցը գլոբալ առումով, կտեսնեք, որ որևէ տարածքային վեճ, կոնֆլիկտ միանգամից չի լուծվել: Իսրայելը՝ մոտ 60 տարի, Հունաստանը գրեթե 80 տարի չեն կարողանում լուծել խնդիրը: Նման հարցերը արագ չեն լուծվում: Գնահատելով մեր դրությունը, պետք է շեշտել, որ հայկական կողմը միշտ որդեգրել է կոնստրուկտիվ կեցվածք, զիջումների գնալու պատրաստակամություն: Այն, որ հակամարտության կարգավորման որևէ նախադրյալ չկա՝ Ադրբեջանի մեղավորությունն է:

- Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբն անընդհատ երկու կողմերին է հորդորում զսպել լարվածությունը, չխախտել հրադադարի ռեժիմը: Հասցեական հայտարարություններ չեն արվում:

- Հայկական կողմի շահերից չի բխում խախտել հրադադարի ռեժիմը: Մենք նման նպատակ չունենք` ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական: Մեր խնդիրը առաջ գնալը, Բաքուն գրավելը չէ, իսկ Ադրբեջանը նման հարց է դրել իր առաջ, իսկ պաշտոնապես հայտարարել է, որ Ղարաբաղը գրավելու են: Այնպես որ, ռազմաքաղաքական տեսանկյունից, ՀՀ-ն և ԼՂ-ն շահագրգռված չեն խախտել հրադադարը:

- Այդ դեպքում ինչո՞ւ են ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչերը ոչ հասցեական:

- Դրանք պետք է դիտարկել որպես դիվանագիտական հայտարարություններ: Անձամբ ես դրանք սխալ եմ համարում, որովհետև եթե կա նպատակ կանխելու սահմանային լարվածությունը` կոչերը, հորդորները պետք է լինեն կոնկրետ, հասցեական, մեղավորին պետք է ասես՝ դու մեղավոր ես: Համանախագահները, պարզապես, հավասարության նշան են դնում դիվանագիտությունից ելնելով:

- Կա՞ արդյոք կարիք, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին:

- Կազմակերպությունները, որոնք առնչվում են ու շահագրգռված են այս հարցով, դա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը, ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ՆԱՏՕ-ն, ԵԽԽՎ-ն, ԵՄ արևելյան գործընկերության երկրները, շահագրգռված այլ պետություններ և կառույցներ: ՀՀ-ն ևԼՂՀ-ն նշյալ կառույցներին պետք է անկախ ամեն ինչից պաշտոնապես տեղեկացնեն սահմանային խախտումների մասին, պահանջեն ստեղծել խախտումների բացահայտման և դրանց կանխման գործուն մեխանիզմներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել