Ադրբեջանական լրատվամիջոցներին «վերուստ» իրավունք է վերապահված երբեմն քննադատության թիրախ դարձնել բավական բարձրաստիճան պաշտոնյաներին: Այս միջոցով նախագահ Ալիևը զանազան ուղերձներ ու ակնարկներ է հղում նրանց` ժամանակ առ ժամանակ հիշեցնելով, թե ով է երկրի տեր ու տնօրենը: Եվ ահա ղեկավարի բարեհաճությունից օգտվող կայքերից մեկը մատ է թափ տալիս ոչ ավել, ոչ պակաս արտգործնախարար Մամեդյարովի վրա` «Պարոն Մամեդյարով, ի՞նչ է կատարվում ԱԳՆ- ում»:
Նման վերաբերմունքի պատճառն ավելի քան հարգելի է. պարզվել է, որ «հերթական ադրբեջանական դիվանագետը սովորական ստահակի մեկն է, ով որոշել է կատարած հանցանքների համար արդարադատությունից փրկություն որոնել այն երկրում, ուր իրեն ուղարկելու են աշխատելու»: Խոսքը վերաբերում է Ռումինիայում Ադրբեջանի դեսպան, այնուհետև Ավստրալիայի դեսպանատան աշխատող Անար Հասանովին, ով… քաղաքական ապաստան է խնդրել այս վերջին երկրում: Կայքի կարծիքով՝ ամենևին էլ ոչ միակ այս դեպքը վկայում է, թե ԱԳՆ-ում ինչ պարսավելի ձևով են Ադրբեջանի դեսպան նշանակում աշխարհի տարբեր երկրներում:
Նախ նշվում է, որ նույն Հասանովն աշխարհի տվյալ տարածաշրջանի այսպես կոչված «նեղ մասնագետ» չէր, և այդ նշանակման հետևում արդյո՞ք «խնամի-ծանոթ-բարեկամ» չի թաքնված: Լրատվամիջոցը պահանջում է փոխել ԱԳՆ աշխատանքի մեթոդները` նախևառաջ հրաժարվելով կարևոր պաշտոն վստահել «մեջք» ունեցողներին: «ԱԳՆ-ն մասնավոր կրպակ չէ, որի տերը կարող է…»,-ահա այսպես է բնութագրում թերթը նախարար Մամեդյարովի աշխատանքը: «Առավել ևս, որ ԱԳՆ դեռևս ոչ մի ղեկավարի օրոք նման աղմկալի սկանդալներ չեն եղել»,- եզրափակում է կայքը: Առայժմ այսքանը նախագահ Ալիևը բավական է համարել նախարար Մամեդյարովին զսպելու համար: