Հայերը գլխացավանք չեն եվրոպական երկրների համար, և միգրացիոն ճգնաժամը նրանց վրա չի ազդի. Գագիկ ԵգանյանPanorama.am-ը գրում է.

Եվրոպայում այս օրերին տիրող միգրացիոն ճգնաժամը Հայաստանի վրա որևէ ազդեցություն չի ունեցել, և դեպի մեր երկիր միգրացիոն հոսքերի վրա չի ազդել, այսինքն` Հայաստանում ապաստան հայցողների թիվը չի շատացել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիոն պետական գործակալության պետ Գագիկ Եգանյանը` մեկնաբանելով Եվրոպայում վերջին օրերին տիրող վիճակը, երբ Սիրիայից հազարավոր փախստականներ ապաստան են հայցում եվրոպական երկրներում:

Նրա ներկայացրած տվյալների համաձայն, տարեկան կտրվածքով Հայաստանում ապաստան է հայցում 4-500 փախստական: Այս փուլում հիմնական ապաստան հայցողները սիրիահայերն են:

 «Հոծ զանգվածներ կյանքի և ազատության վտանգից ելնելով, ամեն կերպ մեկնում են եվրոպական երկրներ: Անձը փորձում է ավելի գրավիչ ու նպաստավոր պայմաններ ունեցող երկիր գնալ այդ առումով նրանց համար նախընտրելի են եվրոպական երկրները, քան Հայաստանը»,-հավելեց պարոն Եգանյանը:

Հարցին, թե միգրացիոն ճգնաժամը եվրոպական երկրներում արդեն ապաստան գտած քրիստոնյաների, մասնավորապես, հայերի վրա չի՞ ազդի, նրանց հետ չե՞ն ուղարկի իրենց երկրներ, Եգանյանը պատասխանեց. «Նախ` հայերը, Հայաստանի քաղաքացիները գլխացավանք չեն Եվրոպական երկրների համար, մեծ հոսք չկա: Մեր գործընկերների հետ հանդիպումների ժամանակ նրանք միշտ ասում էին, որ Հայաստանից եկած քաղաքացիների թիվը մեծ չէ: Այնպես որ դա լուրջ մտահոգության առարկա չէ»:

Եվրոպական երկրներում ապաստանած հայերին հետ ուղարկելը Եգանյանը հնարավոր բան չի համարում. «Միգրացիոն բնագավառում որպես սկզբունք որդեգրված է, որ կրոնական պատկանելությունը որևէ առնչություն չունի և չի ազդելու իրականացվող կամ կատարվելիք քայլերի վրա: Անկախ նրանից` քրիստոնյա են, թե մուսուլման, ինչ պետք է արվի, արվելու է: Այդ սկզբունքը որդեգրված է միջազգային պայմանագրերում: Չի կարող դա լրացուցիչ գործողության առիթ հանդիսանալ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել