Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ, հայտնում է Ռուսաստանի էներգետիկայի նախարարության կայքը։
Ալեքսանդր Նովակը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև էներգետիկ ոլորտում ավանդական համագործակցությունը նոր ազդակ է ստացել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալով:
«Այժմ Ռուսաստանը Հայաստան նավթամթերքի հիմնական մատակարարն է: Ընթացիկ տարում առանց մաքսատուրքերի Հայաստան բնական գազի մատակարարումը կազմել է ավելի քան 1 միլիարդ խորանարդ մետր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երկկողմ հանդիպման ժամանակ կողմերը ստորագրել են Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համաձայնագրում Հայաստանի Հանրապետություն բնական գազի մատակարարման ընթացքում գների ձևավորման կարգի մասին փոփոխություններ մտցնելու մասին արձանագրությունը, որը սահմանում է Հայաստան մատակարարվող ռուսական գազի նախնական գնի նվազումը 189-ից մինչև 165 դոլար։
Ռուսաստանի և Հայաստանի էներգետիկայի նախարարները նաև ստորագրել են Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև «АрмГосгазпром» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանների և հետագա գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ մտցնելու մասին արձանագրությունը։
Բաժնետոմսերի վերաբերյալ արձանագրության համաձայն՝ հայկական կողմը ստանձնել է Հայաստանում «Գազպրոմ» ԲԲԸ-ի էլեկտրաէներգիայի ակտիվների տնտեսապես արդյունավետ աշխատանքի պայմաններն ապահովելու պարտավորությունը՝ ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտահանման դեպքում:
Հանդիպման ավարտին Ալեքսանդր Նովակը վստահություն է հայտնել, որ հետագա համատեղ աշխատանքը կլինի նույնքան արդյունավետ:



