Բազմիցս եմ ասել, որ իմ կարծիքով Սերժի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները դնելու են այնպիսի մեխանիզմի հիմքը, որը տեսանելի ապագայում, անկախ նրա նախաձեռնողի կամքից, օբյեկտիվորեն ազատելու է մեր երկիրը քրեաօլիգարխիկ համակարգից: Եվ այդ պատճառով ինձ չի հետաքրքրել, թե գործող սահմանադրությունը լուծել, թե չի լուծել երկրի առջև ծառացած որևէ սահմանադրական ճգնաժամ: Բայց քանի որ իմ ընկերները Վ.Պողոսյանին փորձում են նեղել հենց այս հարցում, ապա ասեմ, որ Հայաստանում ընդամենը մեկ անգամ է ծագել նման ճգնաժամ՝ 1998-ին, և այն լուծվել է ոչ թե սահմանադրության շրջանակներում, այլ հենց դրանից դուրս: Երբ ՀՀ այն ժամանակվա նախագահ Տեր-Պետրոսյանի ձևակերպած՝ մեզ «հայտնի ուժերը» վերջնագիր ներկայացրին նրան, ինքը ոչ թե փորձեց օգտագործել սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունը՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար նրան վերջնագիր ներկայացած ուժերի ներկայացուցիչներին ձերբակալելու հրաման տալով, այլ նահանջեց, ինչը նշանակում է, որ տվյալ դեպքում սահմանադրությունը որևէ դեր չկատարեց՝ այն լիներ կամ չլիներ, կամ ինչ տիպի սահմանադրություն էլ լիներ... Իսկ եթե գործող նախագահն օգտագործեր իր իրավասությունները, ապա հենց այդ դեպքում կծագեր ոչ միայն սահմանադրական ճգնաժամ, այլ երկիրը կթաղվեր քաղաքացիական պատերազմի հորձանուտում: Այնպես որ, իրականում ճգնաժամը հանգուցալուծվեց ոչ թե սահմանադրության շրջանակում և նրա միջոցով, այլ ընդհակառակը՝ ի հեճուկս գործող սահմանադրության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել