Վե՛րջ, սահմանամերձ գյուղերը փրկված են, որովհետև մեր քաջարի քաղաքական գործիչների մի ամբողջ գումարտակ ա դեսանտ իջել էդ կողմերն ու ռազմահայրենասիրական-մտահոգ ֆոտոսեսիաներ ա անում: Հիմա թուրքերը հաստատ կնահանջեն: Իսկ եթե ԲՀԿ-ական Մելքումյանին տեսնեն՝ կարող ա միանգամից կապիտուլյացիա էլ ստորագրեն:
Ընդ որում, խայտաբղետ այս ցուցակում, որտեղ կա էլ Էնֆիաջյան, էլ Մելքումյան, էլ Զոհրաբյան, էլ Ալեն Սիմոնյան... մի հատ ընդհանուր մեյնսթրիմ կա՝ նկարվել գնդակոծության հետևանքների ֆոնին: Հլը լավ ա Ալենին գոնե իսկականից պայթած ականի բեկորներ են տվել, թե չէ էն խեղճ ԲՀԿ-ականներին խոշոր տրամաչափի գնդացրի փամփուշտի գնդակ են տվել, ընդ որում՝ դատելով չդեֆորմացված տեսքից՝ էդ գնդակը չեն էլ կրակել, այլ ուղղակի հանել են փամփուշտի վրայից:
Ինչևէ, սա չէ հարցը: Նյարդայնացնող է այն պոպուլիզմն ու ցուցադրականությունը, որով այս ամենն արվում է: Հարց է առաջանում, թե ուր էին այս նույն կերպարները մինչև հերթական լարվածության փուլը, քանի՞ անգամ են այցելել իրենց քաղաքական կարիերայի ընթացքում այդ գյուղերը: Կամ էլ լավ, էդ էլ ձեզ փեշքեշ, բա լավ, էդ էժանագին պոպուլիստական ֆոտոսեսիաներն ինչի՞ եք անում, թե բա՝ տեսեք-տեսեք, թե ինչ հայրենասեր քաջեր ենք մենք: Գնացել եք էնտեղ, որ ի՞նչ անեք՝ քաջալերե՞ք: Լավ եք արել, բա էդ դեպքում ի՞նչ անպայման են էդ պաթետիկ ու դրամատիկ ֆոտոները:
Չի կարելի ամեն ինչից փորձել քաղաքական դիվիդենտներ քաղել: Ու պետք չի հեքիաթներ պատմել, որ ուզում եք մարդկանց իրազեկ պահել: Մարդիկ առանց ձեր ֆոտոսեսիաների էլ իրազեկ են: