Առաջնային գծում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների հաճախականությունը և այդ ընթացքում կիրառվող զինատեսակների քանակական ու որակական աճի դինամիկան փաստում է, որ Բաքուն, հանձինս իր ռազմաքաղաքական ղեկավարության, որդեգրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն:
Վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող զարգացումներն ու դրանց զուգահեռ իրականացվող ռազմաշունչ հայտարարություններն ասվածի վկայությունն են: Այսօր արդեն Ադրբեջանը ոչ թե, ինչպես նախկինում էր, սեփական քարոզչությամբ փորձում է իր իսկ կողմից ձեռնարկվող նախահարձակ գործողությունները մատուցել որպես հայկական կողմին ուղղված պատասխան քայլեր, այլև տարբեր տրամաչափի հրետանային, ռեակտիվ հրթիռահրետանային և հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ պարբերաբար իրականացվող արկակոծումներն ու գնդակոծումները բացահայտ լկտիությամբ ներկայացնում է ոչ այլ կերպ, քան իր ռազմական հնարավորությունները ցուցադրելու մարտավարական ու ռազմավարական կարևորության մտահաղացման իրագործում:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որդեգրած այդօրինակ գործելաոճը ոչ միայն պատճառ է դառնում չարդարացված ու անդառնալի կորուստների, այլև դեպքերի նման զարգացման շարունակականության խորացումը հնարավոր է հանգեցնի անկանխատեսելի հետևանքների:
Ելնելով վերոնշյալից` Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարությունը տեղեկացնում է ինչպես Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, այնպես էլ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցներին, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող հետագա սրացումների և դրանցից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Hayzinvoram/photos/a.392683310805889.90156.392660087474878/890581574349391/?type=1&permPage=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել