Image result for ջեյմս ուորլիքՈւորլիքը գրել է իր թվիթերյան էջում, թե ասում են, թե հայկական ու ադրբեջանական կողմերը կիրառում են ծանր հրետանի։ Եթե դա ճիշտ է, ապա դա լուրջ վտանգ է ԼՂ խաղաղության համար։

Պարոն Ուորլիքին պատասխանեցի, որ ավելի լավ է՝ վեր կենա, գնա՝ տեղում ստուգելու՝ ինչ է կատարվում սահմանին, այլ ոչ մեզ պես նստի, լրատվական կայքեր քրքրի՝ իրավիճակին ծանոթանալու համար։ Ստանում է աշխատավարձ նրա համար, որ լինի փոքր-ինչ ավելին, քան սովորական թվիթերյան օգտատեր։

Խնդիրը հետևյալում է. այդ փայլուն կրթություն ստացած, դիվանագիտական փորձ ունեցող գործիչներն այսքան տարիների ընթացքում չկարողացան ստեղծել մեխանիզմ սահմանային միջադեպերի հետաքննության, չկարողացան վերահսկել իրավիճակը սահմանին՝ սահմանափակվելով հազվադեպ դիտարկումներով։ Գիտե՞ք, ինչպես է ընթանում դիտարկումը։ Մի քանի անգամ գնացել եմ ԵԱՀԿ դիտորդների հետ նման դիտարկումների. սահմանին չհասած՝ կանգնում են, կապ տալիս դեպի հակառակորդի կայաններ, այնտեղից ստանում են թույլատվություն մոտենալու։ Այնուհետև ավելի մոտ գալիս, նորից են կանգնում, կապի դուրս գալիս ու նորից ստանում թույլատվություն մոտենալու սահմանին։ Սահմանագծին հագնում են գլխին սաղավարտ, վերցնում մեծ ԵԱՀԿ դրոշ, թափահարում են դրոշը, դիմացից նույնպես տեսնում են մոտեցող դրոշով իրենց աշխատակցի։ Կանգնում են նման կերպ մի քանի րոպե, հավաքվում ու քշում հետ։ Հետո հրապարակում, թե իրավիճակը սահմանին խաղաղ է։

Չունեն ո՛չ վերահսկման, ո՛չ հետաքննության, ո՛չ տեղեկատվության հավաքագրման այլ մեխանիզմ, ո՛չ եզրահանգումները հրապարակելու իրավունք ու ցանկություն։ Փաստացի ունենք դիվանագետներ, ում նվեր է տրվել 1994 թվականի զինադադարը, որը ստորագրվել է ժամանակին ոչ իրենց ջանքերով, ոչ էլ իրենց ջանքերով առաջխաղացում է ունեցել որևէ կերպ։

Այնպես որ, այդ ուորլիքներից ավելին մի սպասեք, քան հերթական բլա-բլա-ն այն ժամանակ, երբ սահմանամերձ գյուղերում ունեն իրական օգնության կարիք։ Մեզ միակ օգնողը մեր բանակն է, եղել է ու կլինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել