
Դիվանագիտական խաղի կանոնները... «Բաժանիր, որ տիրես»` հայտնի դիվանագիտական հնարք, որը կիրառվում է մի երկրի կողմից` մեկ այլ երկրների (կամ ազգերի) վրա ազդեցության լծակներ ունենալու համար: Ամենից շատ այս տարածաշրջանում թերևս հայերն են տուժել դրանից: Օրինակ` 20-րդ դարասկզբին ցարական կառավարության կողմից հրահրվեցին հայ-թաթարական ընդհարումներ, որի արդյունքում Ռուսական կայսրությունում հալածանքներ սկսվեցին հայերի նկատմամբ: Հետո չարաբաստիկ 1-ին աշխարհամարտը. երկու իմպերիալիստական երկիր ներքաշեցին մեզ՝ հայերիս համար ոչ ձեռնտու պատերազմի մեջ, որից տուժողը միայն մենք եղանք: Ցեղասպանության ժամանակ էլ թուրքերն իրենց հերթին հրահրեցին քրդերին հայերի դեմ: Փաստ է, օրինակ, որ Վանի վիլայեթում թուրքական կառավարությունը հայերի կոտորածներն իրականացրել է` հիմնականում օգտագործելով քրդական ցեղախմբերին...
Դառնանք մեր օրերին: Հիմա վերջապես եկել է մի բարենպաստ պահ, երբ արդեն մենք՝ հայերս ենք որպես երկիր ստացել բացառիկ մի հնարավորություն՝ կիրառելու համար «բաժանիր, որ տիրես» հնարքն արդեն ուրիշների վրա: Խոսքը գնում է թուրք-քրդական ծայրաստիճան լարված հարաբերությունների մասին: Դիվանագիտական ճշգրիտ «խաղով» այսօր հնարավորություն ունենք մեզ համար նպաստավոր դիվիդենտներ կորզել այդ օր օրի թեժացող հակամարտությունից: Սակայն դրան հասնելու համար նախևառաջ պետք է ինքնուրույն խաղացող դառնալ տարածաշրջանում, որքան էլ որ դա դժվար է պատկերացնել ներկայիս իրավիճակում: Իհարկե, այդ խաղի կանոնները բավականին բարդ են և վտանգներով լի, բայց հավատացած եղեք, որ ուզենք թե չուզենք, դրա մեջ մեզ ի վերջո հաստատ ներքաշելու են: Դե ուրեմն` չդառնանք նորից ուրիշների կողմից տարվող «մութ» խաղերի զոհ: