Մեր շարքային հանրակրթական դպրոցներում, սկսած երկրորդ դասարանից, մայրենիի գրաճանաչությունը չամրապնդած, էլ չեմ ասում հայերեն լեզվամտածողություն դեռ չձևավորած, երեխաներն սկսում են միաժամանակ սերտել երեք օտար լեզու` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն կամ մեկ այլ: Դժվարությամբ եմ հասկանում՝ ինչո՞ւ այսքան շուտ և շատ և բոլորովին չեմ հասկանում՝ ինչո՞ւ միաժամանակ: Փորձում եմ տրամաբանություն գտնել, մտածում եմ՝ ռուսերենը` լավ, ուզենք թե չուզենք մեր մշտնջենական հարևանն է, երկրագնդի ցամաքի վեցերորդ մասն է զբաղեցնում, տրադիցիաներ կան, ինքներս էլ վատ- լավ տիրապետում ենք այդ լեզվին, երեխաների հետ տանը զբաղվող կա և հետո ազգս համատարած արիստոկրատացման ուղին է բռնել, մեծ մասը տներում սկսել են ազնվացեղ շներ պահել, իսկ նրանց հետ հաղորդակցվելու միակ լեզուն մեզանում էն գլխից ռուսերենն է ընդունված, թող լինի: Անգլերենն, ինքներդ գիտեք, տարբեր ժողովուրդների կողմից անուղղակիորեն ընտրված լեզվական հաղորդակցման միջոց է, համակարգչային-ինֆորմացիոն-ցանցային տարածքներում գրեթե ամեն բան այդ լեզվով է, ստիպված ենք, թող լինի: Լավ, բա երրորդ օտար լեզվի, ոչ ֆակուլտատիվ, ըստ ցանկության, այլ պարտադիր ուսուցման անհրաժեշտությունն ինչպե՞ս հիմնավորես, չէ՞ որ դա իրականացվում է կա՛մ մեկ այլ առարկայի, կա՛մ երեխաների առանց այն էլ խիստ ծանրաբեռնվածության աստիճանի էլ ավելի բարձրացման հաշվին: Լավ, մտածում եմ, ինչու ոչ չինարեն, գոնե աշխարհի բնակչության վեցերորդ մասն այդ լեզվով է խոսում, կամ ասենք իսպաներեն, վերջապես ֆրանսերենից քանակապես ավելի շատ խոսող կա աշխարհում: Հետաքրքրվում եմ, թե ինչ բան է, արդյո՞ք միայն մեկ առանձին վերցրած «օրինակելի» դպրոցում է այդպես: Ոչ, ասում են՝ ամեն տեղ է, դա քաղաքական որոշումն է: Պարզվում է՝ Հայաստանն արդեն ֆրանկոֆոն համայնքի լիիրավ անդամ է դարձել, և այդ ֆրանկոֆոնները` Ֆրանսիա պետության Աֆրիկյան մայրցամաքի բոլոր նախկին գաղութները, իրենց համագումարում որոշում են ընդունել, որ Ղարաբաղի հարցը պիտի լուծվի միայն խաղաղ ճանապարհով և միայն Մինսկի խմբի շրջանակներում, այսինքն՝ տարածաշրջանային, եթե չասենք համաշխարհային` օ-հո-հո խաղաղության, մեծ քաղաքականության հարց է: Մտածում եմ, ախր այդպես չի կարելի, մի ամբողջ սերնդի ճակատագրի հետ խաղ ենք անում և չգիտես՝ ինչի համար, ախր այդ նույն ֆրանկոֆոնների տերերը, եթե որոշեն այստեղ պատերազմ սարքել, մեր ֆրանկոֆոնության կամ այդ թղթի կտորի վրա չեն էլ թքելու: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական մակարդակով գավառականության դրսևորման և պրիմիտիվիզմի ևս մի վառ օրինակ: Սակայն վերադառնանք մեր երեխաներին:
«Երեխաների համար մի անհանգստացեք»,-ասում են ինձ և բացատրում՝ պարզվել է, որ նրանց ուղեղը սպունգի է նման, ինչ մատուցես ներծծում է ու ներծծում, բան չկա, այ Ճապոնիայում` այսպես ու այնպես է, իսկ Իտալիայի այսինչ քաղաքից եկած այնինչը պնդում է, որ… և այլն, և այլն: Դատարկախոսություն ու դիլետանտություն, ուրիշ ոչինչ: Լավ, ասում եմ, բերեք գոնե աղբ չլցնենք այդ «սպունգի» մեջ, օգտակար բան լցնենք, ավելի ճիշտ չի՞ լինի արդյոք, մեկ կամ գոնե երկու օտար լեզու սովորեցնենք, բայց ավելի հիմնավոր անենք դա, և երրորդ լեզվի դասավանդմանն ուղղված ժամերը հատկացնենք մայրենիին, մաթեմատիկային կամ հանգիստ տանք երեխաներին վերջապես, քանզի ես հստակ գիտեմ (խոսքն արդեն միայն օտար լեզուներին չի վերաբերում, այլ ամբողջ կրթությանը), որ եթե մատուցվող ինֆորմացիայի ծավալը շատ ավելին է, քան այդ խեղճ սպունգ- ուղեղի ինֆորմացիա կլանելու, առավել ևս մշակելու կարողությունը, ապա նա դադարում է գործելուց, «անջատվում» է, նրա էֆեկտիվությունը կտրուկ ընկնում է, նա` ինչպես շատ կերակուր լափած մարդու ստամոքսը, որձկում և դուրս է շպրտում ամբողջը, և այդ «սպունգի» տերը վերջիվերջո վերածվում է ինֆորմացիոն ԱՊՈՒՇԻ: «Գիտեք,-արդեն ջղագրգիռ բացատրում են ինձ,-եթե ամբողջ դպրոցից անգամ մի քանի երեխա կարողանա ազատ հաղորդակցվել երեք օտար լեզուներով, մենք մեր խնդիրը կատարած կհամարենք»: Ահա և հասանք:
Հանրակրթությունը այդպես է անվանվում, քանզի նրա գլխավոր նպատակը մատաղ սերնդի եթե ոչ ամբողջ, ապա գոնե նրա գերակշիռ զանգվածի հավասարաժեք կրթության ու դաստիարակության ապահովումն է, համակարգը այդ և միայն այդ խնդրը պիտի դրած լինի իր առջև:
Օտար լեզուների ուսուցման հետ կապված այս մտորումներն, իմ կարծիքով, հանրակրթության ոլորտում առկա բազում պրոբլեմների, թերացումների ու խորքային սխալների, մեթոդական բացթողումների ու համատարած «փնթիության», վերջապես համակարգային մտածողության իսպառ բացակայության մասին են ահազանգում:
Մեր ողջ կրթական համակարգն այսօր կարծես գործում է հետևյալ տրամաբանությամբ՝ «Մեր խնդիրը որքան հնարավոր է շատ տալն է, իսկ ով ինչքան կկարողանա վերցնել, դա արդեն մեր գործը չէ». այսինքն՝ այդ խեղճ երեխաները կյուրացնեն արդյոք մատուցվածը, թե իրենց ողջ հետդասաժամային օրը վատնելով միայն դասերի պատրաստման վրա, մի կերպ ծայրը ծայրին հասցրած կվազեն դպրոց և դրանից հետո ուսման նկատմամբ ինչպիսի հոգեբանության, ինչ վերաբերմունքի տեր կդառնան` ինչն իրենց ուղեկցելու է ողջ կյանքի ընթացքում, կսիրեն, թե անթաքույց կսկսեն ատել ուսումն էլ, այն իրենց պարտադրելով մատուցող ուսուցիչներին էլ, դա ոչ ոքի կարծես չի հետաքրքրում: Իսկ սրանք կարևորագույն խնդիրներ են, հազարապատիկ ավելի կարևոր, քան մեր հանրակրթությամբ զբաղվող մասնագետների, մեր գիտակից հանրության ուշադրությունը զբաղեցնող դպրոցներում իբր առկա կաշառակերության, դրամաշորթության խնդիրները, որոնց առկայությունն առավելապես հենց վերոհիշյալ, մեղմ ասած, կրթամեթոդական թերացումների հետևանքն են:
Մեզանում այսօր լեցուն են տարաբնույթ մասնագետներ, հոգեբաններ, ովքեր «նվիրվել» են մատաղ սերնդի բացառապես սեռական դաստիարակության, յուվենալ իրավապաշտպանության, թրաֆիկինգի, դեռահասների ներկայությամբ կատարվող սեռական բռնությունների կանխման և էլի մի շարան նման, հիմնականում սեռականի հետ կապված և մեզանում, փառք Աստծո, առավելապես դեռ չառկա, խնդիրների լուծմանը: Ես հասկանում եմ, դրանց համար են միայն գրանտներ հատկացնում ու լավ էլ վճարում, և հավատացեք, հարգելիներս, չտեսնելու ենք տալիս, լավ, ասում ենք, հացի խնդիր է, մարդիկ են, կարողանում են համոզել, որ այդ հարցերը մեզանում չափազանց ակտուալ են, թող ստանան, սակայն դրա հետ միասին, այ հոգեբաններ, մեզ համար առաջնային կարևորություն ունեցող, դեռահասների կրթության հետ առնչվող հոգեբանական խնդիրներով էլ զբաղվեք, թեկուզ «ձեռի հետ», խնդրում ենք:
Բազում հարցեր կան: Մեծ չէ՞ արդյոք մեր երեխաների ծանրաբեռնվածությունը և եթե մեծ է, հոգեբանական, Աստված հեռու տանի, հոգեկան շեղումներ չե՞ն առաջանա արդյոք դրանից, հակակրանք կամ ավելի վատ, զզվանք չի՞ առաջանա արդյոք ուսման հանդեպ, կամ եղած ուսուցման մեթոդներով և համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ դասարանների բացակայության պայմաններում, եղած մասնագետներով վերջապես, երեք օտար լեզու միաժամանակ հնարավո՞ր է սովորեցնել երեխաներին, և եթե ոչ, ապա ինչ խորքային հետևանքներ դա կունենա նրանց վրա, չե՞ն հիասթափվի արդյոք ողջ ուսման պրոցեսից, թերարժեքության բարդույթներով չե՞ն սկսի արդյոք տառապել դեռ մանուկ հասակից, չե՞ն սկսի մտածել, որ իրենք ոչնչի ընդունակ և պիտանի չեն այս կյանքում և այլն, և այլն, կամ դասագրքերում տեղ գտած նյութերի բովանդակային ուղղվածությունն ու դրանց շարադրաոճը հոգեբանական ի՞նչ վիճակներ կառաջացնեն երեխաների մոտ՝ սե՞ր, թե՞ անտարբերություն ու հակակրանք կսերմանեն ուսման նկատմամբ, նյութականի հանդեպ հոգևոր արժեքների գերակայություն կներշնչե՞ն, թե՞ հակառակը կպարտադրեն, և վերջապես, եթե այն ինչ արվում է ճիշտ ու ճշմարիտ է, արդյունքում մենք ի՞նչ ենք ստանալու, հոգևոր, մտավոր և մարմնավոր ի՞նչ կարողություններով օժտված մարդ ենք ունենալու և ամենակարևորը` այդ կարողություններից ո՞րն է գերակայելու, ո՞րն է ուղղորդելու մարդուն իր ողջ կյանքի ընթացքում: Մի՞թե սա չէ ամենագլխավորը: