Չինական 5 ռազմանավեր Բերինգի ծովում մոտեցել են ամերիկյան Ալյասկա նահանգի ափերին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ նախկինում ամերիկացի զինվորականները նման ակտիվություն չեն արձանագրել Չինաստանի կողմից այդ տարածաշրջանում։
«Սա առաջին անգամ է, երբ դրանք այդքան մոտ են լողում Ալեության կղզիներին»,- պարբերականին ասել է ԱՄՆ ՊՆ աշխատակիցներից մեկը։
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստի խոսքով՝ չինական ռազմանավերը որևէ սպառնալիք չեն ներկայացնում։ Էռնեստը նշել է, որ չինական նավատորմը նկատվել է Ռուսաստանի և Ալյասկայի միջև միջազգային ջրերում՝ ռուս-չինական զորավարժությունների ավարտից հետո։ Այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եռօյա այցով գտնվել է Ալյասկայում՝ ուշադրություն հրավիրելու կլիմայական փոփոխությունների խնդրին։
Էռնեստի խոսքով՝ Չինաստանի մտադրություններն անհայտ են մնում, Պենտագոնը հետևում է իրավիճակին։