Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո «Ոչ թալանին» նախաձեռնությունը կրկին ընտրել է փողոցային պայքարի ուղին: Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Ոչ թալանին» նախաձեռնության՝ էլէներգիայի թանկացման դեմ ուղղված հերթական ակցիան:
Կարելի է նշել, որ «Ոչ թալանինի» այս ակցիան տարբերվում էր նախաձեռնության՝ նախկինում անցկացրած ցույցերից և աչքի էր ընկնում ցուցարարների որոշակի ագրեսիվ պահվածքով: Ակտիվիստները հաճախ դուրս էին գալիս հունից և ոչ ադեկվատ գործողությունների դիմում:
Ոստիկանների նկատմամբ ակտիվիստներից շատերի ոչ ադեկվատ պահվածքն առնվազն տարօրինակ է, քանի որ դեռևս Բաղրամյանի հայտնի ցույցերի ժամանակ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած ակցիաների ընթացքում նույն մարդիկ գոչում էին «Ոստիկանը մերն է», «Ոստիկան, միացիր» ու կոչ էին անում ոստիկաններին` միանալ իրենց պայքարին:
Ոստիկանը՝ որպես քաղաքացի, իրավունք ունի աջակցելու էլէներգիայի թանկացման դեմ ուղղված պայքարին, սակայն եթե դրա համար համարժեք վերաբերմունք չցուցաբերվի ակցիայի մասնակիցների կողմից, ապա տեղի կունենա հակառակ ռեակցիան:
Այս ամենից ելնելով՝ հարկ է նշել, որ եթե ակտիվիստները փոխեն իրենց գործելաոճը ոստիկանների նկատմամբ և գործեն ոստիկանների հետ փոխհամաձայնեցված գործողությունների համապատասխան, ապա նրանց՝ պայքարում հաջողություն հասնելու հնարավորությունը կմեծանա: Ուստի անհրաժեշտ է հետևություններ անել և ակցիաների ընթացքում ոչ թե էմոցիաներով շարժվել, այլ սառը դատողությամբ: