Պետք է պահպանել տնտեսական աճի ցուցանիշները։ Ներկայումս աշխարհում տեղի են ունենում աշխարհաքաղաքական գործընթացներ, որոնք պայմանավորում են մի շարք երկրների, այդ թվում նաև որոշ գերհզոր երկրների տնտեսական դժվարությունները: Նավթի գնի անկման, Ռուսաստան-Արևմուտք հակասությունների սրման, Չինաստանի տնտեսական դանդաղ աճի պարագայում տնտեսական բարդություններ են առաջացել նաև մեր տարածաշրջանում: Այս ամենն իր ազդեցությունը թողել է նաև Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշների վրա: 2015թ-ի առաջին եռամսյակում, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանն ունեցել է ՀՆԱ-ի 2,5 տոկոս, իսկ երկրորդ եռամսյակում՝ 5,1 տոկոս տնտեսական աճ, արդյունքում ստացվում է, որ գրանցվել է շուրջ 4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ: Այնուամենյանիվ, նշված ցուցանիշները սպասվածից բարձր են եղել գյուղատնտեսության և մասամբ արդյունաբերության ճյուղերի դրական զարգացումով պայմանավորված: Հիշեցնենք, որ տարվա սկզբին միջազգային կազմակերպությունների կանխատեսումով՝ Հայաստանի տնտեսական աճը չպետք է գերազանցեր 1 տոկոսը: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը 4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ է ունեցել, քաղաքացիները բողոքում են, որ իրենց տեսանելի չէ գրանցվող աճը: Խնդիրն այն է, որ բնակչության մեծ մասի վրա տնտեսական աճը, որպես կանոն, տեսանելի է լինում միայն այն պարագայում, երբ որ աճի ցուցանիշները լինում են երկնիշ թվով: Սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև մյուս երկրներին: Օրինակ՝ Չինաստանի տնտեսական աճը վերջին շրջանում 8 տոկոսից նվազել է՝ հասնելով 7 տոկոսի: Առաջին հայացքից թվում է, որ Չինաստանի տնտեսության համար 7 տոկոս տնտեսական աճը շատ լավ ցուցանիշ է, սակայն բնակչությունը բողոքում է, որ իր համար տեսանելի չեն աճի ցուցանիշները, և իրենք ավելի շատ անկման սիմպտոմներ են տեսնում: Ի տարբերություն Չինաստանի՝ Ճապոնիայում, որը ունի նույնպես գերհագեցած տնտեսություն, եթե տարեկան գրանցվում է 1 տոկոսից բարձր տնտեսական աճ, ապա տարին համարվում է հաջողված, և ամեն ինչ արվում է եղած ցուցանիշները պահելու համար: Ելնելով բերված օրինակից` պետք է նշել, որ ստեղծված ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է պահպանել ձեռք բերված 4,4 տոկոս աճը և ամեն գնով խուսափել անկումային ցուցանիշներից, քանի որ բնակչությունն ավելի զգայուն է անկման դեպքում և շատ արագ զգում է իր կյանքում տնտեսության մեջ բացասական փոփոխությունները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek000000000000000/posts/855945464474472?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել