Image result for վիլյամ սարոյանՊաշտում եմ Վիլիամ Սարոյանին:
«Մարդկային կատակերգությունը», «Իմ սիրտը լեռներում է», «Իմ անունն Արամ է» և այլ գործեր համարում եմ լավագույներից` համաշխարհային առումով...

2002 թվին պայմանավորվել էի Սլովակիայի պառլամենտի մի շարք հանձնաժողովների և ֆրակցիաների ղեկավարների հետ, որ քննարկման ենք դնելու Հայոց ցեղասպանության հարցը: Ամենակարևորն արտաքին կապերի հանձնաժողովի նախագահի համաձայնությունն էր:
Նրան` պարոն Վայսին, լավ ճանաչում էի ու զանգեցի նրա բջջայինին՝ հանդիպելու խնդրանքով: Բացատրեցի, որ պայմանավորվել եմ մի շարք ֆրակցիաների հետ՝ խնդրի դրական լուծման համար, և կարևոր է նրա համաձայնությունը, որ հարցը ներկայացնենք քվեարկության հաջորդ սեսիայի ընթացքում: Պատասխանը հնչեց հարցի տեսքով. «պարոն Գրիգորյան, հանուն ինչի՞ ես վտանգեմ Սլովակիայի արտաքին քաղաքականությունը և երկրին դնեմ անիմաստ հարվածի տակ: Եթե բացատրեք, ապա կհանդիպենք»: Ավելացնեմ, որ պարոն Վայսն ազգությամբ հրեա էր... Բնական է, որ բացատրություն չէր կարող լինել, և հանդիպումն ավելորդ էր: 4 տարվա աշխատանքս ջուրն ընկավ, և առժամանակ հրաժեշտ տվեցի իմ բյուրեղապակյա երազին` Սլովակիայում Հայոց ցեղասպանության խնդրի լուծմանը:
Նույն թվի սեպտեմբերին ձևավորվեց նոր պառլամենտ, և 2 տարի հետո` 2004 թվականին, վերջապես նոր եռանդով սկսեցի աշխատանքներս և, պայմանավորվելով բոլոր կուսակցություների ու պառլամենտի նախագահության հետ՝ քննարկման դնելու Հայոց ցեղասպանության հարցը, ամենավերջում հանդիպում խնդրեցի ամենակարևորի` արտաքին կապերի հանձնաժողովի նոր նախագահի` Լասլո Նադի հետ, որի հետ ծանոթ չէինք: Իմ լավ ընկեր, այդ հանձնաժողովի փոխնախագահ Ռուդոլֆ Ժիակը խոստացավ հանդիպում կազմակերպել՝ պայմանով, որ ես պիտի համոզեմ նախագահին...
Վերջապես գնում եմ պառլամենտ վախի սարսափելի զգացումով և գիտակցմամբ, որ եթե Լացլո Նադը մերժի, այլևս ուժ չեմ գտնի 3-րդ անգամ «նույն գետը մտնելու...»։ Սրտի դողով սպասում եմ նախագահին՝ մտքիս մեջ անընդհատ կրկնելով երկխոսության սցենարները և տարբեր բացասական պատասխանների դեմն առնելու ուղիները: Վերջապես գալիս է պարոն Նադը, և սիրալիր ծանոթությունից հետո ես հայտարարում եմ. «պարոն նախագահ, մի չափազանց կարևոր խնդրով եմ դիմելու ձեզ»: Նա ընդհատելով ինձ հայտնում է, որ տեղյակ է և համաձայն է... Չընկալելով պատասխանը՝ հարցնում եմ.
-Կներեք, Դուք գիտե՞ք՝ ինչ եմ խնդրելու։
Պատասխանում է.
-Իհարկե, հանդիպումից առաջ ստիպեցի պարոն Ժիակին ներկայացնել հանդիպման թեման և պատասխանում եմ Ձեզ, որ համաձայն եմ:
Ես ականջներիս չեմ հավատում և հարցնում եմ.
-Ինչի՞ն եք համաձայն։
-Որ Ցեղասպանության հարցը դնենք Պառլամենտ` քննարկման, ընդ որում՝ մեր ֆրակցիան կողմ է հանդես գալու...
Ականջներիս չեմ հավատում և անսպասելի երջանկությունից, հարցի այսպիսի հեշտ ու սրընթաց լուծումը տեսնելուց գլուխս պտտվում է, և, հաճելի սթրեսի մեջ հայտնվելով, զրուկցակիս համար անսպասելի հարց եմ տալիս.
-Բայց ինչո՞ւ։
Նախագահը զարմացած հարցնում է.
-Ի՞նչը ինչու։
Գիտակցելով և վայելելով հաղթանակի բերկրանքը՝ կրկնում եմ հարցս և հետո, մտքի փայլատակում ունենալով, ձեռքովս նրա պատասխանը կասեցնելու շարժում եմ անում ու, երջանկության պահը վայելելով, լկտիացած հայտարարում.
-Սպասեք, կարող եք չասել, ես այն գիտե՜մ...
Պարոն Նադը զարմացած և սպասումով դիտում է ինձ, իսկ ես միանգամից վրա եմ տալիս.
-Հայտնի պատմություն է, պարո՛ն նախագահ, Դուք եղել եք Հայաստանում, Ցեղասպանության թանգարանում և իհարկե ծաղկեպսակ եք դրել հուշարձանին, խորապես ծանոթ եք Ցեղասպանության մանրամասներին... Եվ չասեք, խնդրեմ, ո՜չ...
Պատասխանում է.
-Հայաստանում երբեք չեմ եղել...
Զարմանքից ինձ կորցնում եմ և անմտորեն կրկնում եմ հարցս.
-Բա ինչո՞ւ եք համաձայն։
Պարոն Նադը պատրաստվում է ստորագրել, երբ մտքի երկրորդ փայլատակումն եմ ունենում և համարյա բղավելով կրկին ձեռքով չխոսելու շարժում եմ անում ու դիմացինիս լայն ժպիտի ներքո, որի մոտ արդեն սուր ինտրիգային հետաքրքրություն եմ առաջացրել, գոչում եմ.
-Սպասեք, գիտեմ. Դուք մանության ընկեր եք ունեցել` հայ, ինձ նման խելառ ազգասեր, և ողջ Ձեր գիտակցական կյանքում նա անընդհատ պատմել է Ձեզ Հայոց ցեղասպանության մասին... Հաստատ այդպես է, ու չասեք՝ չէ՜...
Պատասխանում է.
-Դուք առաջին հայն եք, որի հետ հանդիպել եմ և զրուցել:
Այստեղ արդեն լիովին հուսահատված և բղավելուց խզված ձայնով ասում եմ.
-Լավ, հանձնվում եմ, ասեք՝ ինչո՞ւ... Սատանան տանի, հանուն ինչի՞։
Պատասխանը շշմեցուցիչ էր, և հուզվում եմ մինչ այսօր այն հիշելուց.
-Հանուն բոլոր ժամանակների լավագույն գրողի, որին պաշտում եմ դեռ մանուկ հասակից, հանուն ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ...
Տիկնայք և պարոնայք, հավատացեք, ես մինչ այդ էլ պաշտում էի Սարոյանին, բայց այդ պահին նա ինձ համար շատ ավելին էր, քան միայն պաշտելի գրող լինելը, նա ավելին էր, քան ցանկացած ոք... Նրա շնորհիվ ես ստացա այս բաղձալի դրական պատասխանը, և 2 շաբաթ անց Սլովակիայի պառլամենտում բարձրացրեցինք Հայոց ցեղասպանության հարցը: Այն քննարկվեց և ընդունվեց առանց գեթ մեկ դեմ ձայնի՝ դառնալով հայ ժողովրդի մեծ հաղթանակներից մեկը: Այն նաև պատճառ դարձավ սլովակ-թուրքական հարաբերությունների երկարատև խաթարմանը. Թուրքիան անմիջապես հետ կանչեց իր դեսպանուհուն, որն այդպես էլ չվերադարձավ Սլովակիա:
Անցյալ շաբաթ ես հատուկ հանդիպում ունցա Սլովակիայի կրթության և գիտության նոր նախարար պարոն Պելիգրինի հետ, և պայմանավորվեցինք մի հսկայական ծրագրի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ, որի առաջին քայլերից մեկը Սարոյանի 2 գործ` «Մարդկային կատակերգություն»-ը և «Իմ սիրտը լեռներում է», խնդրեցի մտցնել դպրոցական պարտադիր ծրագրի մեջ: Այսուհետ Սլովակիայի 400 դպրոցներում աշակերտները կկարդան և կվերլուծեն հայազգի մեծագույն գրողներից Վիլիամ Սարոյանի այս գլուխգործոցները...
Իսկ Սլովակիայի պառլամենտում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումն իմ մեծագույն հաղթանակներից մեկն էր, որի հաջողության պատճառը կարող եմ կեսլուրջ-կես հումորով ներկայացնել՝ մեջբերելով մեծ պոետին.
«Ինչեր ասես որ չեն անի ամբոխները խելագարված»...
Այո՛, մեծ գործերի համար պետք է մի քիչ խելագարվել, և այդ պահը մոտենում է այսօրվա՝ կատաստրոֆիկ վիճակից ելք փնտրող մեր ազգի համար: Այո՛, մի փոքր խելագարվել է պետք ընդամենը...
Իսկ մի այլ անգամ կներկայացնեմ այն քառաժամը, որի ընթաքում կռվեցինք և փառավորապես հաղթեցինք թուրքերին Սլովակիայի պառլամենտում. սա ևս անմոռանալի պատմություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել