Panorama.am-ը գրում է.
Սահմանադրական փոփոխությունների նախագծում, ի թիվս այլ իրավունքների, որոշակի փոփոխության է ենթարկվել նաև ՀՀքաղաքացիության իրավունքը: Համապատասխան նորմը գործող սահմանադրության մեջ ամրագրված է 30.1 հոդվածում. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք: Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարման կարգը սահմանվում է օրենքով: Ոչ ոք չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ինչպես նաև քաղաքացիությունը փոխելու իրավունքից: Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի: Երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով»։
Փոփոխությունների նախագծում հարցը կարգավորվում է 46-րդ հոդվածով: Այն, ի տարբերություն գործող սահմանադրության, բաղկացած է 5 կետերից, որոնցից յուրաքանչյուրի կարգավորման առարկան տարբեր է: Նշված հոդվածի 1-ին կետը, մասնավորապես, ամրագրում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է»: Ինչպես երևում է, սա գործող նորմի ամրագրումն է, որով երկիրը որդեգրում է քաղաքացիության տրամադրման, այսպես կոչված, արյան սկզբունքը: Հոդվածի 2-րդ կետը, որով սահմանվում են Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու հիմքերը, էականորեն լրացվել է: Մասնավորապես, եթե գործող նորմով սահմանվում է, որ քաղաքացիություն ստանալու իրավունք ունի այն երեխան, ում ծնողներից մեկը Հայաստանի քաղաքացի է, ապա առաջարկվող տարբերակում այս նորմը պահպանելուց բացի, առաջարկվում է քաղաքացիության իրավունք տրամադրել նաև ծագումով հայերին. «Յուրաքանչյուր երեխա, ում ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք: Հայազգի յուրաքանչյուր ոք Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք»: 3-րդ կետը սահմանում է քաղաքացիությունից զրկելու արգելքը: Նորմն ամրագրում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից»: Ի տարբերություն գործող նորմի, առաջարկվող տարբերակում սահմանումն ավելի հստակ է. «ոչ ոքի» փոխարեն օգտագործվում է «ՀՀ քաղաքացի» տերմինը: Փոխարենը նախագծում դուրս է թողնվել քաղաքացիությունը փոխելու իրավունքի անձեռնմխելիության դրույթը: 4-րդ կետը նույնությամբ ամրագրում է, որ քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման հիմքերը սահմանվում են օրենքով: Իսկ ահա 5-րդ կետը լիովին նոր նորմ է սահմանում, ըստ որի «քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո»:
Գործող սահմանադրության մեջ ամրագրված երկքաղաքացիությանը վերաբերող դրույթն ու նաև ՀՀ քաղաքացիներին օտարերկրյա պետությանը հանձնելու արգելքը փոփոխությունների նախագծում ներառված չեն: Բոլոր դեպքերում, կարևորագույն նորամուծությունը քաղաքացիության իրավունքի մեջ հայրենակիցների համար սահմանված արտոնություն է: Ժողովրդագրական խնդիրներ և ծավալուն սփյուռք ունեցող ժողովրդի պարագայում, բնականաբար, ողջամիտ է հայրենակիցների համար քաղաքացիության իրավունքի ճանաչումը սահմանադրորեն ամրագրելու հանգամանքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



