Այս կարևորագույն հարցին, որն ի վերջո կանխորոշում է ՀՀ քաղաքացու կենսամակարդակը, սահմանադրության նախագծի հեղինակները մատների արանքով են նայել։ Աչքի է զարնում այն, որ այս հատվածը, ինչի հետ կապված են քաղաքացիների հիմնական մտահոգությունները, նրանց քիչ է հետաքրքրել։ Ամենուրեք հնաոճ, սխալ, մասնագիտական առումով խղճուկ մտքեր են։ Ահա դրանցից մի քանիսը։
1. Այսպես, հոդված 9-ում ասվում է. ՀՀ-ում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը։ Բայց 9-րդ գլխում, 183-րդ հոդվածում ասվում է. համայնքի վարչական սահմաններում գտնվող հողը, բացառությամբ պետությանը, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է։ Հարց է ծագում. իսկ տակն ի՞նչ մնաց։ Ի՞նչ է նշանակում բացառությամբ պետությանը պատկանող հողերի։ Եթե նկատի ունեք պետական հիմնարկները, ապա իրավաբանական անձինք արդեն նշված են (ընդ որում անկախ սեփականության ձևից)։ 184-ի 3-րդ մասով, ուշադիր, օրենքով սահմանված դրույքաչափերի շրաջանակներում համայնքի ավագանին սահմանում է տեղական հարկեր և տուրքեր։ Բայց ինչո՞ւ միայն տեղական (այդտեղ ոչ մի լուրջ հարկ լինել չի կարող)։ Ինչո՞ւ մասնաբաժին չտալ շահութահարկից և եկամտահարկից, ինչո՞ւ տեղական ինխնակառավարման մարմիններին ենթական ձեռնարկությունների բոլոր հարկերը չգնա իրենց բյուջե։ Ստացվում է, որ գործող սահմանադրությունն ավելի պրոգրեսիվ է. դրա 106-րդ հոդվածն ասում է. «օրենքով սահմանվում են համայնքների ֆինանսավորման այնպիսի աղբյուրներ, որոնք ապահովում են նրանց լիազորությունների իրականացումը»: Առ այսօր այս կետը իշխանությունները բանի տեղ չէին դնում։ Նորով բոլոր ՏԻՄ մարմինները պարտավորված են լինելու փողը գալ Երևանից ուզել։ Այսինքն՝ նոր սահմանադրությամբ տեղական ինքնակառավարումը լրիվ կոչնչանա.
2. Հոդված 10-ում ասվում է. Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է: Սա բացարձակապես հետամնաց, անցյալ դարի 70-ական թվականների սոցիալիզմի քաղաքատնտեսության բնորոշ ձևակերպում է։ Նախ՝ սոցիալական բառը նշված է 1-ին հոդվածում։ Երկրորդ՝ չեն գրում շուկայական տնտեսություն. մասնավոր ձեռնարկատիրություն (կամ ձեռներեցություն)՝ հիմնված ազատ մրցակցության վրա (տես արևմտաեվրոպական երկրների սահմանադրությունները)։ Շուկան ի՞նչ կապ ունի սոցիալականության կամ սոցիալականությունը շուկայի հետ։
3. Հոդված 37-ն իսկական բոց է։ 1-ին և 2-րդ պարբերություններում խոսվում է անվճար կրթության մասին։ Անվճար կամ ձրի կրթություն չի լինում։ Ինչ-որ մեկը վճարում է. կամ ուսանողը (աշակերտը), կամ էլ պետությունը։ Անվճար կրթություն արտահայտությունը տեղին է միայն այն պարագայում, երբ ամբողջ կրթական համակարգը պետական է ու վճարվում է պետության կողմից։ Բայց երբ կա նաև մասնավորը պետք է խոսել պետական պատվերի հաշվին վճարվող կրթության մասին։ Սխալ է նաև այն միտքը, որ պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է: Չէ՞ որ կան նաև մասնավոր դպրոցներ։ Նրանք իրավունք չունե՞ն պետական պատվերի հաշվին կրթական ծառայություններ մատուցել։ Ի՞նչ է՝ մասնավոր բուհերը փակելուց հետո փակում եք նաև դպրոցները։ Գոնե գիտե՞ք, որ պետական դպրոցներն առնվազն բարձր դասարանների մասով չկան։ Բոլորը հաճախում են մասնավոր դասընթացներ։
4. Հոդված 58.1-ում կարդում ենք. «Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք»: Բայց 58.3-ում արդեն փոշմանում են. «Անձի սեփականության իրավունքի իրականացումը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի և այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով». ճիշտ կոմկուսի ոճով։
5. Գլուխ 9-ում թվարկած սոցիալական երաշխիքները 0 են, եթե սահմանադրությունը չի ասում, որ օրենքով սահմանվում է աշխատանքային շաբաթի տևողություն։ Որովհետև եթե սա չկա, ապա չկա աշխատավարձ հասկացությունը, և առավել ևս չկա նվազագույն աշխատավարձ հասկացությունը։ Սա պարզապես տարրական պրոֆեսիոնալիզմի բացակայություն է։
6. Տարօրինակ է 86-րդ հոդվածը, ուր թվարկվում են պետության քաղաքականության հիմնական նպատակները։ Ո՞ւր է ձեռներեցության խրախուսումը։ Սահմանադրության նախագծի հեղինակները չեն հասկացել, որ գործարարությունն ու ձեռներեցությունը տարբեր բաներ են։
7. Հոդված 199. ԿԲ-ի խնդիրներն են գների ու կայունության ապահովումը. թերի, անպետք ու կիսատ միտք։ ԿԲ գների կայունության գործառույթը սահմանադրություն է ներբերվել 2005-ին՝ սխալմամբ։ Դա անցյալ դարի 90-ականների մոնետարիզմի արդյունք է։ Այսօր այդ հնացած մոտեցմանը հավատում են միայն Հայաստանում։ Ինչո՞ւ։ Ապրանքների գների կայունությունը կախված է ոչ միայն շրջանառության մեջ առկա դրամի ծավալից (դասական մոնետարիզմ), այլ նաև այն բանից, թե ինչքան են այդ ապրանքների արտադրության ծավալն ու պահանջարկը (դասական քեյնսիականություն)։ 2005-ին այս թեզի ընդունումը և ակտիվ կիրարկումը 2006-2007-ից բերեց նրան, որ 2008-ից սկսած՝ ՀՀ տնտեսությունն այլևս չի զարգանում։ Միշտ ԿԲ ջուրն է լցնում կառավարության չարչարանքը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/938808726176646
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել