Այնքան զավեշտալի է հետևել ՀԱԿ-ի, իսկ գործնականում՝ ՀԱԿ-ի զուրաբյանական թևի հիստերիկ ռեակցիային, որն ուղղված է ինչպես իր նախկին դաշնակիցներին, այնպես էլ անգամ իր անդամներին՝ կապված Սահմանադրական բարեփոխումների գալիք հանրաքվեի հետ:
Կարդում ես լևոնական ԶԼՄ-ները, ու տպավորություն է ստեղծվում, որ այս մարդիկ կորցրել են կապն իրականության հետ: Պարոնա՛յք, ծիծաղելի է ձեր մաղձն ու թարախը ԲՀԿ-ի հանդեպ, ու առավել ծիծաղելի է ձեր մուննաթը, թե բա «Ինչո՞ւ մեզ չեք միանում»: Մոռացա՞ք, որ այդ դուք էիք ԲՀԿ-ին ծախվել ուղնուծուծով, և հենց դուք էիք բոլոր տեսակի ծառայություններ մատուցում ԲՀԿ-ին դեռ ոչ վաղ անցյալում: Ո՞վ է տեսել, որ «կլիենտը» միանա «ծառայություն մատուցողին»:
Առավել ևս, երբ դա նշանակում է դառնալ ծառայություն մատուցողի պես մարգինալացված ու ջլատված ուժ: Իրականում ԲՀԿ-ն իրեն հիմա պահում է որպես շատ պրագմատիկ, ռացիոնալ ու խելացի քաղաքական ուժ, ով Ծառուկյանի գնալուց հետո խնդիր ունի կայունանալու քաղաքական դաշտի իր նոր սահմաններում, ու վերջին բանը, որ պետք է ԲՀԿ-ին, ՀԱԿ-2 դառնալն ու առավել ևս ՀԱԿ-ի կցորդ դառնալն է:
Հետո էլ, հատկապես ծիծաղել էի, որ ՀԱԿ-ն ինչ-որ մեկին արտահոսքեր ու ջլատում է գուժում այս սահմանադրական բարեփոխումներին դեմ չարտահայտվելու դեպքում: Այն էլ ԲՀԿ-ին: Ու դա անում է միաժամանակ սեփական թիմակից Լյուդմիլա Հարությունյանի նկատմամբ կեղտոտ մեդիաարշավ ձեռնարկելուն զուգահեռ: Արդեն կարելի է փաստել, որ Լյուդան էլ լքեց Զուրաբյանի ծակ մակույկը, ու հիմա նրա հետևից ցեխ են շպրտում, սակայն սա նաև նշանակում է, որ ՀԱԿ-ի 7 հոգանոց խորհրդարանական խմբակցությունից զուրաբյանական ՀԱԿ-ին հավատարիմ է մնացել միայն Արամ Մանուկյանը, մեկ էլ հենց ինքը՝ Զուրաբյանը, թեև երկրորդի պարագայում հավատարմությունը մի քիչ շռայլ բնորոշում է՝ նույնիսկ սեփական անձի հանդեպ:
Տնաշեններ, բառիս բուն իմաստով երկու հոգի եք մնացել, իսկ էլեկտորատը ձեր հիմա հազիվ մի քանի հազար մարդուց բաղկացած լինի, իսկ դուք դրած քննարկում եք, թե ում ինչ է սպառնում, ով է դավաճան, իսկ ով՝ հավատարիմ: Մտքներովդ հեչ չի՞ անցել, որ դավաճանը հենց դուք եք, որ այսքան ժամանակ դավաճանում էիք ձեր սկզբունքներին ու ձեր խոստումներին, դավաճանում էիք ձեզ հավատացող մարդանց ու ձեզ սատարողներին: Էսօր էլ փոխանակ հետևություններ անեք, ինչ-որ բան փորձեք փրկել, էլի անդադար մաղձ ու թարախ եք արտադրում ուրիշների հետևից: