
Tert.am–ը գրում է.
ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդարացիորեն վրդովված է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից սիրիական Պալմիրա քաղաքի շարունակական ոչնչացման պատճառով, սակայն ՄԱԿ-ի մշակութային կազմակերպությունը կարծես թե չէր մտահոգվում, երբ Ադրբեջանը նման կերպ էր վարվում մեկ տասնամյակ առաջ։
Այս մասին The Guardian-ում հրապարակված իր նամակում գրել է ամերիկաբնակ քաղաքագետ, իրավագետ Սիմոն Մաղաքյանը՝ դատապարտելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նախկինում նույնատիպ մշակութային վանդալիզմի անտեսումը:
«2005-ի դեկտեմբերին ադրբեջանական բանակը տեղակայվեց Իրանի հետ իր սահմանի հեռավոր հատվածում՝ 2000 միջնադարյան խաչքարերը ոչնչացնելու գործողություն իրականացնելու նպատակով: Մեկ շաբաթվա ընթացքում հայոց և քրիստոնեական պատմությունը սրբվեց Ջուղայում: Ադրբեջանի կառավարությունը հերքեց խաչքարերի ոչնչացումը՝ չնայած իրանական կողմից արված տեսագրությունը՝ պնդելով, որ Ջուղան առհասարակ գոյություն չի ունեցել:
Ադրբեջանը նաև անտեսեց հետաքննություն անցկացնելու խնդրանքը, այդ իսկ պատճառով Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիան, որի հետ ես համագործակցում էի, երկրատարածական տեխնոլոգիաների օգտագործեց՝ ավերածությունները գնահատելու համար։ Նախկինում և հետո արված արբանյակային լուսանկարները ցույց տվեցին, որ խաչքարերն անհետացել են 2005-ին: Չնայած դրան` ՅՈՒՆԵՍԿՕ-ն շարունակեց լուռ մնալ», - մեկնաբանել է Մաղաքյանը՝ հավելելով, որ դա դեռ ամենը չէ։
«Դրանից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ն նույնիսկ համագործակցել է բռնապետության հետ, որը կործանեց Ջուղան. 2013-ին կազմակերպությունը $5 մլն նվիրատվություն է ընդունել Ադրբեջանից»,-հավելել է իրավագետը։