Բոլորն էլ սիրում են բաց տեսարաններով կինոնկարներ: Սակայն կան այնպիսի ֆիլմեր, որոնք հիրավի ցուցադրում և բացահայտում են իսկական կիրքը, սերը, զգացմունքը, հույզերի տեղատարափը: Հենց այդպիտի ֆիլմերի մասին էլ կխոսենք այսօր: Տասնյակը կազմվել է իմ անձական նախասիրությունները հաշվի առնելով, կարող է չհամընկնել Ձեր կարծիքի հետ: Իսկ բոլոր համընկնումները պատահական են հիրավի:
10-րդ հորիզոնական
Malèna (2000)
Նա հրաշք է, գեղեցիկ… Աստվածուհի: Նա բոլոր տղամարդկանց ցանկության և չիրականացած ֆանտազիաների հերոսուհին է: Նրա գեղեցկությունից տղամարդիկ խելքները թռցնում են, իսկ կանայք՝ գժվում ու խելագարվում: Նրան շրջապատողները հիմար են, դատարկ, սին և նախանձ: Իսկ Մալենայի կյանքը դաժան է: Նրան ոչ ոք չի օգնում ամուսնու անհետանալուց հետո: Այս ֆիլմն ապացուցում է, որ գեղեցկությունը և՛ պարգև է, և՛ խարան: Անկրկնելի Մոնիկա Բելուչին փայլում է իր կանացի հմայքով և դերասանական խաղով:
9-րդ հորիզոնական
Wild Orchid (1989)
Ֆիլմի սյուժեն բավականին պարզ է: Գեղեցիկ, երիտասարդ ամերիկուհին ժամանում է արևի ճառագայթներով ողողված Բրազիլիա գործի բերումով: Բայց արի ու տես, այստեղ նա հանդիպում է նոր հույզեր, զգացմունքներ և հուզմունքներ: Բրազիլական կառնավալ, գեղեցիկ դիմակահանդես, պճնագեղ զգեստներ և բրազիլական ջազ… Այս ամենը, համեմված դերասանական անկրկնելի խաղով, ստեղծում են մի հիանալի մթնոլորտ, որի մեջ ցանկանում ես ընկղմվել և մոռացության մատնվել: Կիրքը կարող է ապրել առանց սիրո, սերը կարող է ապրել առանց կրքի: Սակայն այս ֆիլմում դրանք երկուսն էլ միախառնվում են բրազիլական ռիթմերի ներքո:
8-րդ հորիզոնական
Eyes Wide Shut (1999)
Գեղեցիկ ամերիկացի զույգ: Նրան ունեն երեխա, ամուսինը բարձր վարձատրվող բժիշկ է: Առաջին հայացքին ամեն ինչ հարթ է և երջանիկ: Սակայն կանայք երկար ժամանակ հանգիստ և անհոգ կյանքով ապրել չեն սիրում: Նրանց անպայման պետք են ինտրիգներ, խաղեր, խանդ և այլն: Նրանք երկուսով օփիոն են ծխում, և կինը հայտնում է, որ մի անգամ տեսնելով խիզախ և առնական նավաստուն՝ մտքում բազմիցս դավաճանել է ամուսնուն…Հենց այդ պահից էլ սկսվում են ամուսնու գիշերային անհավանական արկածները: Ֆիլմը մի տեսակ մութ և խորհրդավոր է, հրաշալի և անհասկանալի միևնույն ժամանակ:
Հավելեմ նաև՝ Նիքոլ Քիդմանը և Թոմ Քրուզը կինոյի նկարահանումներից հետո անհասկանալի պատճառներով բաժանվել են, իսկ Սթենլի Քուբրիկը մահացել է:
7-րդ հորիզոնական
The Blue Lagoon (1980)
Նավաբեկությունից փրկված երկու մանկահասակ երեխա հայտնվում են անմարդաբնակ կղզում: Այդ երկու արական և իգական սեռի ռոբինզոնները հաստատվում են կղզում, կառուցում իրենց կացարանը, միասին հասունանում և բախվում հասունացման խնդիրներին: Ֆիլմն ուղղակի ընկղմում է դիտողին արևադարձային կլիմայով լեցուն կղզի, կապույտ մաքրամաքուր ծովի և մանկական անմեղ ժպիտի մեջ: Ամեն անգամ նայելիս պատկերացնում ես քեզ ու քո երկրորդ կեսին այդ կղզու վրա: Մարդկությունից, համացանցից, ՎայՖայից, Ինստայից այն կողմ... Ծով, կոկոս և սիրահար զույգ: Դասական, անկրկնելի ռոմանտիկա:
6-րդ հորիզոնական
Il portiere di notte (1973)
Երևէ լսե՞լ եք ստոքհոլմյան համախտանիշի մասին։ Այս կինոնկարը նայելուց հետո անպայման նայեք ՎիկիպեՁիկում դրա նշանակության մասին: Դահիճի և զոհի սիրո մասին պատմություն… Սերը կարող է այցելել ամենաանհավանական վայրերում, նույնիսկ նացիստական գաղութում: Բարդ հարաբերություններ և ապրումներ: Սկանդալային և միևնույն ժամանակ հուզախառն տեսարաններով կինոնկար: Խոսքերն ավելորդ են: Ուղղակի դիտեք:
5-րդ հորիզոնական
No mires para abajo (2008)
Երբ հասարակությունը կարծում է, թե կյանքն իմաստ չունի, մենք պետք է ամեն ինչին նայենք Էրոսի աչքերով: Կգա ժամանակ, և Էրոսը կկանգնեցի կյանքի և մահվան միջև ընթացող մենամարտը, որտեղ այսքան ժամանակ հաղթում է Մահը:
Էլոյը զբոսնում է երազի մեջ… Նա չի կարողանում հաշտվել հոր վաղաժամ մահվան հետ և տառապում է լուսնոտությամբ: Մի գիշեր նա բառիս բուն իմաստով ընկնում է Էլվիրայի մահճակալի մեջ վերևից և հայտնվում Դրախտում: Փորձառու աղջիկը սովորեցնում է անփորձ Էլոյին մարմնական սիրո բոլոր գաղտնիքները: Սիրով զբաղվելը դառնում է նրանց համար կյանք, հոգեբանություն, հարմոնիա, փիլիսոփայություն:
4-րդ հորիզոնական
The Libertine (2004)
Ջոնի Դեփին բոլորս գիտենք Կապիտան Ջեք Ճնճղուկի դերով, իսկ ինձ համար նրա լավագույն դերն ու տաղանդի մեծագույն արտահայտումը հենց այս ֆիլմում է:
Հագեցած և ծանր կինոնկար: Դժվար է լինել բոլորից տարբերվող մի անհատ, ով տարբերվում է գորշ մասսայից: Այլախոհ հարբեցողի շուրթերով խոսում է ճշմարտությունը՝ զզվելի, կեղտոտ, զազրոտ և մերկ: Հերոսը ֆիլմի սկզբից մինչև վերջին րոպեն կանթեղի նման այրվում է, տալիս լույս, լուսավորություն և լոգոս-միտք կողքիններին: Ուշադրություն դարձրեք ֆիլմի սկզբում հերոսի մենախոսությանը: Համլետի մենախոսությունը մանկական լացի է նմանվում նայելուց հետո:
3-րդ հորիզոնական
The Dreamers (2003)
Գրգռիչ, սահմռկեցուցիչ և միևնույն ժամանակ սկանդալային: Դերասական խաղի մասին բառերն ավելորդ են: Այս ֆիլմի դիտումից հետո շատերի համար Էվա Գրինը կդառնա կանացիության, հմայքի և գեղեցկության չափանիշ: Այս կինոնկարում շատ են շոկային տեսարանները: Կարծես երկու աշխարհները՝ հին և նորը, Իզաբելի և Մեթյուի ներքո բախվում են միմյանց հետ և սիրով զբաղվում, մի ինչ-որ նոր՝ անբացատրելի և անմեկնելի էություն սկզբնավորելու համար: Իսկ Վեներայի տեսարանը… Բան չունեմ այլևս ավելացնելու: Դիտեք և վայելեք:
2-րդ հորիզոնական
Nine 1/2 Weeks (1985)
Լսե՞լ եք երբևէ երջանկահիշատակ Ջո Քոքերի «You can leave your hat on» երգը։ Ոչ, ապա այս կինոնկարը Ձեզ համար չէ միանշանակ: Այս ֆիլմն ինձ մոտ ասոցացվում է էրոտիկ բառի հետ ուղիղ, ոչ փոխաբերական կապով: Գլխավոր հերոսին մարմնավորել է անկրկնելի Միքի Ռուրկը, ով առաջին իսկ վայրկյանից հասկացրեց, որ հեշտ չի լինելու իր հետ: Նա օժտված է ինչ-որ թաքնված, վտանգավոր ձգողությամբ: Իսկ հերոսուհին՝ Քիմ Բեսինգերը, գերում է իր անկեղծ պարով առանց խոսքերի: Կինոնկարը բոլորի համար չէ միանշանակ: Շատերին դուր չի գա, մեծամասնությունն այն անիմաստ կհամարի: Բայց նայել արժե միանշանակ:
1-ին հորիզոնական
Ultimo tango a Parigi (1972)
Այս ֆիլմի մասին ոչինչ չեմ պատմի: Այն հանգամանքը, որ այն հաղթող է ճանաչվել իմ տասնյակում, արդեն իսկ ամեն ինչի մասին ասում է: Միայն կասեմ, որ այս ֆիլմի և 3-րդ հորիզոնականում տեղ գտած ֆիլմի ռեժիսորը միևնույն մարդն է՝ մաեստրո Բերտոլուչին:
Հ.Գ. Իսկ թե ինչու այս տասնյակում տեղ չի գտել մեծ աղմուկ բարձրացրած «Մոխրագույնի 50 երանգները», կարդացեք այստեղ: