Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովի 100 տոկոսանոց համամասնական համակարգի մոդելները բազմաթիվ են և դրանց ընտրությունը, մասնավորապես, համամասնականի այսպես ասած՝ խառը՝ մեծամասնական ու համամասնական կընտրվի՞, թե ոչ, ապագայի քննարկումների հարցեր են, որոնք կարգավորվելու են Ընտրական օրենսգրքով: Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
«100 տոկոսանոց համամասնական համակարգն աշխարհում ունի բազմաթիվ մոտեցումներ, հազարումի համակարգեր, ձևեր և այլն, և այլն, և չեմ ցանկանում որևէ բան մեկնաբանել, որովհետև կրկնում եմ՝ այս բոլոր հարցերը ենթակա են լուծման բացառապես Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ և Ընտրական օրենսգրքով»,- ասաց Հովհաննես Սահակյանը։
Ի պատասխան ճշտող հարցի, որ, սրանով, փաստորեն, չի՞ հերքում, որ հնարավոր է՝ լինի ընտրության համակարգի խառը՝ համամասնական ու մեծամասնական համակարգերի խառնուրդ, նա ասաց.«Չեմ կարող հաստատել և/կամ հերքել մի բան, որը դեռս չկա և դեռևս թղթի վրա չէ»:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթն այսօրվա համարում, հղում անելով իր աղբյուրներին՝ նշել էր, 100 տոկոսանոց համամասնական համակարգի ռեյտինգային ընտրության համակարգի դեպքում իշխանությունները ծրագրում են համամասնական և մեծամասնական համակարգերի խառնուրդ կիրառել:
«Իսկ հիմնական սկզբունքը հետևյալն է. սահմանել ենք 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, սահմանել ենք խորհրդարանական կառավարման ձև և գնում ենք առաջ, թե հետագայում ոնց կլինի, էդ 100 տոկոս համամասնականի ո՞ր տարբերակը կընտրվի, կորոշվի»,– ասաց Հովհաննես Սահակյանը:
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը որպես ամփոփում ասաց, որ, այսինքն, երբ սահմանադրական բարեփոխումների գործընթացը բարեհաջող ավարտված կլինի, անցկացված կլինի հանրաքվե, որի արդյունքում ընդունված կլինի այս Սահմանադրությունը, խորհրդարանն անցնելու է Ընտրական օրենսգրքի, «ԱԺ կանոնակարգ-օրենքի» և մի շարք այլ օրենքների լրամշակումների, որոնք ուղղակիորեն բխելու են նոր Սահմանադրության նախագծից: Եվ միայն այդ ժամանակ կորոշվի, թե համամասնական համակարգի որ մոդելն ու տարբերակն է ընտրվելու:
Tert.am-ի հետ զրույցում նույնը կրկնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ավելացնելով. «Երբ Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ կլինեն առաջարկություններ, բոլոր հարցերը մենք կքննարկենք: Ինչ–որ տարբերակներ, կարծես, արդեն կան, բանավոր հնչել են, բայց վերջնական քննարկումների արդյունքում կարող ենք պատասխանել, թե որ տարբերակը կլինի»:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե քանի որ հստակեցվել է, որ այս դրույթները պետք է կարգավորվեն Ընտրական օրենսգրքով, այդ մասին քննարկումներն այս պահին դադարեցվել են:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթը նաև տեղեկացրել էր, որ համամասնական և մեծամասնական համակարգերի խառնուրդի հնարավոր կիրառման պատճառով ներկայիս անկուսակցական այն պատգամավորները, որոնք խորհրդարանում ներկայացված են մեծամասնական ընտրակարգով, անորոշության մեջ են և անհանգստանում են իրենց ապագայի համար:
Ի պատասխան հարցի, թե ինչ է լինելու վերջիններիս հետ, այսինքն՝ միակ տարբերակը լինելու է, որ նրանք, անպայման, կուսակցական դառնա՞ն, Վահրամ Բաղդասարյանն ասաց.«Հարցեր եք տալիս, որոնք ապագայի խնդիր են: Համենայնդեպս, մենք ամեն ինչ անելու ենք, որ օրենսգիրքն այնպես կազմենք, որ որևէ քաղաքացու իրավունքների ոտնահարում չլինի: Մենք պետք է մտածենք նաև այդ մասին»:
Նույն հարցին պատասխանելով էլ՝ Հովհաննես Սահակյանն ասաց.«Հարցը շատ լավ հարց է, բայց քանի որ անորոշ է, թույլ տվեք չպատասխանել»:



