Ali-Akbar-Salehi-APBloomberg գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Իրանը երկարաժամկետ հեռանկարում պատրաստվում է կառուցել 20 ատոմային ռեակտոր՝ ընդհանուր 20 գիգավատտ հզորությամբ։

Սալեհին Պեկին մեկնելուց առաջ հայտարարել է, որ ներկա դրությամբ Իրանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում 100 մեգավատտ հզորության երկու ռեակտոր գնելու համար։ Սալեհին մտադիր է Պեկինում համաձայնեցնել գործարքի պայմանները։

Նա հայտարարել է, որ Իրանը պատրաստվում է մինչև 50 տարի ժամկետով ռեակտորների կառուցման մասին համաձայնագրեր ստորագրել օտար, այդ թվում նաև ֆրանսիական ընկերությունների հետ, ինչը վերաբերում է, մասնավորապես, ֆրանսիական Areva SA կոնցեռնին:

«Ռուսաստանը Բուշեհրի ատոմակայանի տարածքում կառուցելու է ևս երկու էներգաբլոկ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կազմելու է 1 գիգավատտ։ Դրանց ֆինանսավորման հարցը (Իրանի կառավարություն կամ ռուսական կողմ) կլուծվի 4-5 ամսում»,- ասել է նա։

Սալեհին հավելել է, որ Իրանը ցանկանում է անցում կատարել փոքր չափերով ռեակտորներին, որպեսզի կրճատի դրանց հովացման համար անհրաժեշտ ջրի սպառումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել