Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը որակեցին որպես ինքնագովազդ: Իմ կարծիքով բոլորն էլ զբաղվում են ինքնագովազդով և այդ մասով չի կարելի քննադատել: Թե ինչ կտա այդ ելույթը մեզ, ոչ ոք չի ասում, և մինչ այսօր միայն լսում ենք, թե՝ տեսա՞ք Ադրբեջանում ինչ ելույթ ունեցավ: Այսինքն՝ փորձում են խիզախ մարդու կերպար ստեղծել, բայց բոլորիս էլ հայտնի է, որ նրա անվտանգությունը մաքսիմալ ապահովված է: Այդ ամենը հիանալի է, շատ հպարտ եմ, որ պրն. Հովհաննիսյանը նման քայլի գնաց և քննադատեց ադրբեջանցիներին հենց Ադրբեջանում, և ամեն մարդ չէ, որ կհամաձայնվեր գնար և ելույթ ուննենար, բայց մի բան չեմ հասկանում` լինելով նախկին արտաքին գործերի նախարար, տիրապետելով տարբեր դիվանագիտական հմտությունների` արդյոք ճի՞շտ էր այնտեղ հայտարարել, որ հանդիպելու է Ադրբեջանում բնակվող հայերի հետ հայկական եկեղեցում: Այսինքն՝ մեր հարևան երկիրը այնպիսի հանդուրժող և ժողովրդավար երկիր է, որ այնտեղ բնակվում են շատ հայեր և կան գործող հայկական եկեղեցիներ, իսկ Րաֆֆին նրանց հետ գնում է հանդիպման: Բա լավ, սա չի՞ դառնա ադրբեջանցիների համար մատի «փաթաթան» և չե՞ն հրամցնի ամբողջ աշխարհին, որ տեսեք, որ մինչ այսօր հայերը բնակվում են այստեղ և գործում են հայկական եկեղեցիներ և տեսեք, տեսեք՝ ինչ հանդուրժող բազմազգ երկիր ենք մենք: Եվ այս դեպքում` ո՞վ կարող է ասել՝ մենք ինչ շահեցինք Րաֆֆու ելույթից և ինչ շահեցին նրանք: Կարո՞ղ է ինչ-որ մեկն ինձ ասել, թե ինչ առավելություն ունեցանք և կունենանք Րաֆֆու ելույթից և խնդրում եմ իրական մոտենալ հարցին և դեմագոգիայով չզբաղվել: