Картинки по запросу սահմանադրությունՑանկացած օրենսդրական նախագիծ մշակելուց առաջ պետք է հաշվի առնել տվյալ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական, քաղաքական և իրավական ոլորտում տիրող իրավիճակը: Այդ անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ցանկացած պետությունն ունի իր առանձնահատկությունները, ինչի արդյունքում մեկ համակարգ, որը հաջողությամբ գործում է մի պետության պայմաններում, կարող է լիովին հակառակ էֆեկտ ունենալ մեկ այլ պետությունում:

Այդ պնդումն առավել արդիական է դառնում այն պարագայում, երբ խոսքը գնում է սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին, քանի որ երկրի Սահմանադրությունը հանդիսանում է երկրի մայր օրենք և սահմանում է տվյալ պետության կառավարման մոդելն ու տնտեսական, իրավական, քաղաքական համակարգերը, «իշխանություն-հասարակություն» հարաբերությունները, ինչպես նաև մի շարք այլ` պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող ասպեկտները: Այդ իսկ պատճառով երկրի Սահմանադրության փոփոխությունը պետք է կատարվի միայն խիստ անհրաժեշտության դեպքերում, երբ նոր ստեղծված պատմական իրավիճակից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջանում ամբողջությամբ փոխել երկրի կառավարման մոդելը, «պետություն-իշխանություն» հարաբերությունների որակը և այլն: Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել երկրի քաղաքական էլիտայի առանձնահատկությունները, քանի որ այս կամ այն օրենքի կամ սահմանադրական դրույթի կիրառման արդյունավետությունն ուղղակիորեն կապված է վերջինիս գործունեության առանձնահատկությունների հետ:

Միանշանակ կարելի է պնդել, որ այսօրվա Հայաստանում տեղի չեն ունեցել այն ֆունդամենտալ սոցիալ-տնտեսական և քաղաքական փոփոխությունները, որոնք անհրաժեշտություն են առաջացրել փոփոխել երկրի մայր օրենքը` սահմանելով նոր իրավա-քաղաքական և սոցիալ-տնտեսական համակարգեր: Բացի այդ, անհրաժեշտ է ընդգծել, որ գործող Սահմանադրությունը դեռ իր ամբողջ ներուժով իրագործված չէ, ինչը պայմանավորված է նրանով, որ Մայր օրենքի ոչ բոլոր դրույթներն են իրականացվում Սահմանադրության ոգուն համապատասխան, ինչն իր բացասական հետևանքներն է թողնում երկրի զարգացման վրա:

ՀՀ իշխանություններն այսօր հասարակության դատին են ներկայացրել այսպես կոչված «ճկուն» Սահմանադրության նախագիծը, որի միջոցով Հայաստանի Հանրապետությունը պետք է անցում կատարի պառլամենտական կառավարման համակարգին: Իշխանությունների ներկայացուցիչները դրա անհրաժեշտությունը բացատրում են այն հանգամանքով, որ գործող կառավարման մոդելի պարագայում երկրում առկա են իշխանության գերկենտրոնացման վտանգներ, իսկ պառլամենտական համակարգի շրջանակներում ստեղծվում են այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս խուսափել իշխանության գերկենտրոնացումից մեկ ղեկավարի կամ կուսակցության ձեռքերում:

Որպես պառլամենտական համակարգի կիրառման հաջողված փորձ օրինակ են բերում այնպիսի երկրներ, ինչպիսիք են, օրինակ, Իտալիան: Սակայն, չգիտես ինչու, առաջարկված սահմանադրական փոփոխությունների նախագծի հեղինակները հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ Իտալիայի խորհրդարանը բաղկացած է երկու պալատից, ինչն ապահովում է զսպումների և հակակշիռների համակարգի որակապես այլ` բավականին արդյունավետ գործունեությունը, ինչը բացակայում է Հայաստանի հանրության դատին ներկայացված Սահմանադրական բարեփոխումների նախագծում:

Հարկ է ընդծել, որ խոսքը գնում է ոչ թե այն բանի մասին, որ խորհրդարանական համակարգն ընդունելի չէ Հայաստանի համար, այլ այն բանի մասին, որ այն ընդունելի չէ այսօր երկրում ստեղծված սոցիալ-քաղաքական, տնտեսական և իրավական ոչ բարենպաստ պայմաններում, ինչը պայմանավորված է նաև սահմանադրական փոփոխություններն առաջարկած քաղաքական էլիտային ոչ արդյունավետ գործունեությամբ:

Վերլուծելով իշխանությունների կողմից առաջարկած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ պետք է նշել, որ աչքի են ընկնում այնպիսի դրույթներ, որոնց կիրառումը հանգեցնելու է կառավարման տոտալ գերկենտրոնացմանը: Փորձենք ներկայացնել դրանցից մի քանիսը:

Այսպես, առաջարկված Սահմանադրական նախագծի համաձայն` օրենսդիր իշխանությունը պատկանում է Ազգային ժողովին: Նախագծի 89-րդ` «Ազգային ժողովի կազմի և ընտրության կարգի» մասին հոդվածով սահմանվում է, որ`

«3. Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ազգային ժողովի ընտրակարգը պետք է երաշխավորի Ազգային ժողովում կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը:   

4. Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները:

5. Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթներ»:

Այսինքն` եթե առաջին փուլի արդյունքում այսպես կոչված «կայուն մեծամասնություն» չի ձևավորվում, անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ: Տեսականորեն կարող է ստեղծվել մի այնպիսի իրավիճակ, երբ առաջին փուլի արդյունքում առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցություն հավաքել են 20% և 15% տոկոս: Երկրորդ փուլով հասարակությանն առաջարկվում է ընտրություն կատարել այդ երկու ուժերի միջև` դրանցից մեկին դարձնելով մեծամասնություն: Այսինքն` 20% կամ 15% տոկոս հավաքած կուսակցությունն արհեստականորեն դարձվում է «կայուն մեծամասնություն», ինչն արդեն իսկ խախտում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից մեկը, համաձայն որի` երկրի քաղաքացիների մեծամասնությունն է ձևավորում իշխանությունը:

Եթե նույնիսկ պատկերացնենք, որ «կայուն մեծամասնությունը» ձևավորվում է առաջին փուլի արդյունքում, միևնույն է` առաջարկված սահմանադրական փոփոխությունների նախագծում բացակայում է զսպանակների անհրաժեշտ մեխանիզմը, որը կկանխի մեծամասնություն կազմած ուժի կամայականությունը: Բացի այդ, չի կարելի անտեսել նաև «կայուն մեծամասնություն» ստացած կուսակցության ղեկավարի դերը, որն առաջարկվող համակարգի պարագայում դառնում է երկրի ոչ պաշտոնական ղեկավարը, և լուրջ վտանգ է առաջանում, որ սեփական շահերը պաշտանելու համար նա կարող է օգտագործելիր կուսակցությունը` համապատասխան օրենքներն անցկացնելու համար:

Այսպես, սահմանդրական փոփոխությունների նախագծի 103-րդ հոդվածի համաձայն` «օրենքները, Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները և ուղերձներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ», ինչը նշանակում է, որ «կայուն մեծամասնությունը»` առանց հաշվի առնելու այլ կուսակցությունների տեսակետը, կարող է ցանկացած օրենք ընդունել:

Ավելին` համաձայն 115-րդ հոդվածի` կայուն մեծամասնության կողմից նշանակված վարչապետին անվստահություն հայտնելու հարցը նույնպես ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ինչը նշանակում է, որ մնացած կուսակցությունները որևէ ազդեցություն չունեն ոչ միայն վարչապետի նշանակման, այլ նաև նրա գործնեության և երկրի զարգացման հեռանկարների վրա:

Մեկ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ամբողջական ազդեցության տակ են հայտնվում նաև այնպիսի կարևորագույն մարմինները, ինչպիսիք են կարգավորող հանձնաժողովները, քանի որ համաձայն ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագծի` 122-րդ հոդվածով սահմանվում է, որ հանձնաժողովների անդամները նշանակվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այսինքն` նույնպես «կայուն մեծամասնության» կողմից:

Համաձայն նախագծի` թուլանում է նաև ՀՀ նախագահի ինստիտուտը, որը կարող էր զսպանակ հանդիսանալ թե՛ ԱԺ-ի գործնեությանը, թե՛ կառավարությանը: Սակայն առաջարկվող նախագծում ՀՀ նախագահը, որը թեև հանդիսանում է երկրի գլուխը, ոչ միայն ընտրվում է ընտրիչների կողմից, այլ խստորեն սահմանափակվում  է իր լիազորություններում` վերածվելով միայն ներկայացուցչական դեր ստանձնող մարմնին, որը որևէ էական ազդեցություն չունի օրենսդիր և գործադիր մարմինների գործունեության վրա:

Լուրջ մտահոգություններ է առաջացնում նաև նախագծով սահմանված Կառավարության կարգավիճակը և գործառույթները: Բացի այն հանգամանքից, որ վարչապետը նշանակվում է «կայուն մեծամասնության» կողմից (որի առանձնահատկությունները մենք արդեն նշել էինք), վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնըթափուր մնալու դեպքերում նոր վարչապետն ընտրվումէ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Այսինքն` տվյալ դրույթի համաձայն` ստեղծվում է մի այնպիսի իրավիճակ, երբ թե՛ ձախողված, թե՛ նոր վարչապետին նշանակում է նույն քաղաքական միավորը, ինչը, մեծ հավանականությամբ, հանգեցնելու է նրան, որ նորանշանակ վարչապետը նույնպես ձախողումներ է գրանցելու, քանի որ ընտրվում է նույն ուժի կողմից և շարունակելու է կյանքի կոչել իրեն ընտրած քաղաքական ուժի` տվյալ պարագայում «կայուն մեծամասնության» ծրագիրը: Այսպիսով, տվյալ դրույթը լրջորեն սահմանափակում է որակական փոփոխությունների հեռանկարները:

Մտահոգիչ է նաև Կառավարության կարգավիճակն ու գործառույթները: Այսպիսով, նախագծի 145-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունըՏվյալ դրույթի նման ձևակերպումը հանգեցնում է նրան, որ թե՛ ծրագիրը մշակող, թե՛ իրականացնող մարմինը նույնն է, ինչի արդյունքում Կառավարությունը վերածվում է թե՛ գործադիր, թե՛ կատարող և թե՛ սեփական աշխատանքին գնահատական տվող մարմնին, ինչն արդեն իսկ խախտում է իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքը և խոչընդոտում զսպանակների մեխանիզմի կիրառմանը: Բացի այդ, սյուն դրույթը որոշակիորեն հակասում է 145-րդ հոդվածի 4-րդ կետին, համաձայն որի` կառավարության լիազորությունները ներառում են գործադիր իշխանությանն առնչվող հարցեր: Համեմատելով սահմանադրական բարեփոխումների նախագծի 145-րդ հոդվածի 2-րդ կետն այսօր ՀՀ-ում գործող Սահմանադրության հետ՝ կարելի է նկատել, որ այդ հարցի վերաբերյալ գործող Սահմանադրությունն իր մեջ պարունակում է որոշակի զսպիչ մեխանիզմներ, քանի որ գործող Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կառավարությունը մշակում և իրականացնում է Հանրապետության Նախագահի հետ համատեղ, ինչն արդեն իսկ հանդիսանում է որոշակի բալանսավորման մեխանիզմ:

Անհրաշետ է նաև նշել, որ առաջարկվող Սահմանադրությունում բացակայում են հստակ մեխանիզմներ, որոնք թույլ կտային քաղաքական փոքրամասնությանը որևէ կերպ ազդել «կայուն մեծամասնություն» ունեցող քաղաքական ուժի վրա նույնիսկ այն պարագայում, երբ իշխող ուժը բացահայտ ձախողումներ է գրանցում երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ (օրինակ՝ տնտեսական անկում, որը պայմանավորված է ներքին գործոններով և այլն): Սա պայմանավորված է նաև այն հանգամանով, որ բոլոր կարևորագույն որոշումներն ընդունվում են նույն «կայուն մեծամասնության» կողմից, ինչն այդ «կայուն մեծամասնությանը» վերածում է սեփական գործողություններին գնահատական տվողին և տեղի չի տալիս զսպանակների մեխանիզմի արդյունավետ գործունեությանը:

Սրանք այն որոշ խնդիրներն են, որոնք աչքի են ընկնում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն առաջին անգամ ընթերցելուց հետո, և հարկ է նշել, որ այդ խնդիրները կապված են մի շարք այլ` ավելի լուրջ խնդիրների հետ (ինչպիսիք են, օրինակ, Սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը, Գլխավոր գերագույն հրամանատարի խնդիրը և այլն), որոնք ներկայացվելու են հաջորդ հոդվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել