Հարկային համակարգում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք դեռևս լուծման փուլում են: Այս ոլորտում, ինչպես և պետական այլ գերատեսչություններում, կոռուպցիոն ռիսկերը բավականին բարձր են:
Հարկային մարմինը բազմիցս աչքի է ընկել իր անփույթ աշխատելաձևով, իսկ հարկային տեսուչների պրիմիտիվ բացթողումների մասին կարելի է անվերջ խոսել:
Հերթական սկանդալային դեպքը տեղի է ունեցել «Հագոյան» արտադրական կոոպերատիվում:
Բանն այն է, որ կազմակերպության հիմնադիր Սահակ Հագոյանը փոստով նամակ է ստացել հարկային մարմնից՝ տեղեկանալով, որ տուգանվել է 750 հազար ՀՀ դրամի չափով՝ անօրինական կերպով աշխատողներ պահելու համար:
Իրականում ընկերությունում եղել են աշխատողներ, ովքեր ընդունվում էին աշխատանքի, այնուհետև տարբեր պատճառներով ազատվում էին աշխատանքից: Հենց այս ժամանակահատվածում են հարկային մարմնի աշխատակիցները եկել և առանց աշխատանքային պայմանագրերը ստուգելու: Վերջիններս պարզապես հետաքրքրվել են, թե ովքեր են աշխատողներն, ու տուգանել են իրավաբանական անձին 750 հազար ՀՀ դրամի չափով՝ պատճառաբանությամբ, թե չգրանցված 5 աշխատողներ ունի:
Փաստացի հարկային մարմնի աշխատակիցներն առանց աշխատանքային պայմանագրերն ուսումնասիրելու տուգանել են իրավաբանական անձին: Այնինչ, «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքը կազմակերպությունը հնարավորություն է տալիս աշխատողների գրանցումն իրականացնել մինչև հաջորդ ամսվա 20-ը, այս նորմը «Հագոյան» արտադրական կոոպերատիվը պահպանել է:
Այս ամենից հետո գրություն է ուղղարկվել ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու խնդրանքով:
Ի վերջո, ստացվեց այնպես, որ օգոստոսի 24-ին ՀՀ ֆինանսների նախարարությունն արտադատական կարգով բավարարեց կազմակերպության պահանջը և բեկանեց կայացրած որոշումը:
Ես դեմ չեմ, եթե հարկայինի աշխատակիցներն ինչ-որ խախտում արձանագրելու դեպքում տուգանեն տվյալ տնտեսվարողին: Բայց, պարոնայք, եկեք ընդունենք, որ հարկային մարմինը միայն տուգանք գրող կազմակերպություն չէ: Նախևառաջ հարկավոր է մանրակրկիտ ստուգել տվյալ կազմակերպության բոլոր թղթերը և նոր անցնել «գրոհի», որպեսզի գործողությունները դուրս չգան օրենքի շրջանակներից:
Մի՞թե բավական չէ սոված գայլերի նման հարձակվել այս կամ այն կազմակերպության վրա: Փաստորեն, արդեն այնքան ակնհայտ են սայթաքումները, որ դատարաններն են անգամ ֆիքսում: