Tert.am-ը գրում է.
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար Թուրքիայի և ԱՄՆ-ի զինվորականները տեխնիկական համաձայնագիր են կնքել։
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նախօրեին հաղորդվել էր, որ Անկարան և Վաշինգտոնն ավարտել են բանակցությունների տեխնիկական փուլը՝ թուրք-սիրիական սահմանին ԻՊ-ի դեմ մասշտաբային գործողություն իրականացնելու վերաբերյալ։
«ԻՊ-ի դեմ հատուկ գործողության վերաբերյալ բանակցություններն ԱՄՆ-ի հետ, որպես ընդհանուր հուշագրի մաս, արդեն ավարտվել են։ Թուրքիայի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչություններն իրենց ստորագրություններն են թողել փաստաթղթի տակ։ Այդ գործողության անցկացումը ռազմական գերատեսչությունների լիիրավ վերահսկողության տակ է»,- ասել է Չավուշօղլուն։
Նա այլ մանրամասներ չի հաղորդել և չի նշել, թե ովքեր են ստորագրել համաձայնագիրը։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վերջին տարիների ընթացքում զգալի տարածքներ է գրավել Սիրիայի և Իրաքի տարածքներում՝ դառնալով աշխարհի հիմնական սպառնալիքներից մեկը։ Իսլամիստ ահաբեկիչները փորձում են իրենց ազդեցությունը տարածել նաև Հյուսիսային Աֆրիկայում՝ մասնավորապես Լիբիայում։
ԻՊ-ի դեմ պայքարում են Սիրիայի և Իրաքի կառավարական ուժերը, քրդական ինքնապաշտպանական ուժերը, ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիան։ Վերջերս ԻՊ-ի դեմ գործողություններ է իրականացրել նաև Թուրքիան՝ երկրի տարածքում տեղի ունեցած խոշոր ահաբեկչությունից հետո։ Թուրքիան նաև աջակցում է ԱՄՆ-ին և տրամադրում է իր ավիաբազաները ԻՊ-ի դեմ գործողությունների համար։



