Արդեն տասնամյակներ է, ինչ քաղաքը խոսում է, բողոքում, նեղանում, բայց միևնույն ժամանակ հարմարվում է ու շարունակում մի կոշիկի տեղ փնտրել գերբեռնված երթուղային տաքսիներում… Չկա որևէ լուծում, չկա որևէ հույս, որ ամեն ինչ կուղղվի, որ աշխատանքի, դասի կամ առհասարակ` ինչ-որ տեղ գնալը շարքային երևանցու ու հարակից բնակավայրերի ապրողների համար չի վերածվի էքստրեմալ ճամփորդության… Անգամ հինդուսները կնախանձեն հայերի այն դիրքերին, որ ընդունում են երթուղային տրանսպորտում: Հիմնականում բոլորը բողոքում են ուղևորի տեսանկյունից` մոռանալով խոսել նաև այն բազմահազար վարորդների մասին, ովքեր ընտանիք պահելու միակ միջոցը տեսնում են այդ չորս ակնանի «հրեշի» ու նրա տարողունակության մեջ: Սարսափելի աշխատանքային պայմաններ, չկանոնակարգված գրաֆիկ, գերհոգնածություն ու դրան էլ գումարվում են դեպրեսիվ բանավեճերը դժգոհ ուղևորների հետ: «Հոպա՜ր, կարտոշկա չես տանում… հոպա՜ր, քշի՛, մեջքիս էլ տեղ չկա…», ու խեղճ «հոպարները» ստիպված են քառատվել, վեցատվել ու ութատվել դժգոհ, բայց ուշացող ուղևորների, կանգառներում խռնված ու տրանսպորտում հուսահատ մեկ ոտքի տեղ ակնկալողների, գծատերերի անհագ ցանկությունների, սեփական կարիքների, ընտանիքի հոգսերի ու բարոյականության նորմերի մեջ… Խե՜ղճ «հոպարներ», խե՜ղճ ուղևորներ ու խե՜ղճ հայ քաղաքացի, որ սեփական երկրում սեփական արժանապատվությունը պահելու տարրական իրավունքից ես զրկված… Ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել, որո՞նք են այն ուղիները, որ կբերեն այս խնդրի շուտափույթ լուծման… Ահա այս հարցերի շուրջ ենք առաջարկում քննարկում ծավալել մեր համաքաղաքացիներին: Միգուցե մեր կարծիքները տեսանելի ու ընկալելի դառնան համապատասխան օղակներում: Միգուցե…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել