Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Մաշտոց պողոտայի և Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5» մակնիշի 092 ՕՕ 11 համարանիշի և «Pajeri IO» մակնիշի 29 ՏՏ 629 համարանիշի ավտոմեքենաները: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «BMW X5»-ը վարել է Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի 12 շենքի բնակիչ, 33-ամյա Տիգրան Ուրիխանյանը, իսկ «Pajeri IO»-ն՝ Երևան քաղաքի Նանսենի 15/1 շենքի բնակիչ Աննա Կարապետյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Տ. Ուրիխանյանը Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ և նույն կուսակցության մամուլի խոսնակն է: 
Հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վթարից հետո այնտեղ ժամանած Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին Տ. Ուրիխանյանը ստիպում էր, որպեսզի հայտնեն, թե ով է վթարի մեղավորը: Անգամ համոզում էր ՃՈ աշխատակիցներին, ասելով, թե՝ կարևորը վնասվածքներ ոչ մեկս չենք ստացել և կարիք չկա գործողություններ կատարել: Իսկ հավաքվածներից մի քանիսն էլ պատմել են, որ Ուրիխանյանը չէր փորձում միջամտել ոստիկանների գործողություններին: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: 
Վթարի պահով Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Երկու վարորդներն էլ ենթարկվել են բժշկական փորձաքննության և պարզվել է, որ գտնվում են սթափ վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Տ. Ուրիխանյանի կողմից վարած ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են Ազգային ժողովի ավտոտնտեսության հաշվեկշռում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել