Վրաց-իրանական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գուբազ Սանիկիձեն վրացական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հաստատել է լուրերն այն մասին, որ Վրաստանն Իրանին կօգնի Ուրմիա լիճ ջուր մատակարարելու հարցում, ըստ երևույթին՝ Կուր գետից:
Վրացի պատգամավորի խոսքով՝ «Վրաստանից Իրան և մասնավորապես Ուրմիա լիճ հեռավորությունն այնքան էլ մեծ չէ, և տվյալ խնդիրը կարելի է լուծել հեշտությամբ, անհրաժեշտ է միայն հստակ պայմանավորվածություն ձեռք բերել, իսկ մնացածը տեխնիկական խնդիր է»:
Ի դեպ, նշվածի առնչությամբ վրաց հասարակության շրջանում վրդովմունք է նկատվում: Հատկապես մարզերի ներկայացուցիչները բողոքում են՝ նշելով, որ «եթե հավելյալ ծավալի ջուր կա Վրաստանում, թող իշխանություններն իրենց երկրում լուծեն ոռոգման խնդիրը»:
Այնպես որ, իշխանություններն Իրանին օգնելու ցանկությունը դեռ պետք է համաձայնեցնեն հասարակության պահանջներին:
Փաստորեն Իրանի Մեջլիսի պատգամավոր Ալի Ալիլուի հայտարարությունն առ այն, որ Իրանը մտադիր է Ուրմիա լիճը վերակենդանացնել Վրաստանից և Հայաստանից, մասնավորապես՝ Կուր գետից և Սևանա լճից բերված ջրերով, մասամբ ճիշտ դուրս եկավ. վրացիները «թաց» ձեռք են մեկնում Թեհրանին: