Օրերս զբոսնում էի Օպերայի մոտ, մեկ էլ տեսնեմ՝ մի աժիոտաժ է սկսվել, մի իրարանցում, մի Սոդոմ-Գոմոր… Միհրան Ծառուկյանին բռնացրել էր մի քանի տասնյակ մալալետկա երկրպագուհիների մի խառնամբոխ ու խառնվել էր իրար։ Հերթական անգամ խորը տարակուսանք զգացի, որովհետև ես վստահ եմ, որ Միհրան Ծառուկյանի կերպարը մեր շոու բիզնեսի ամենամեծ թյուրիմացություններից մեկն է, և չեմ հասկանում, թե բացի բարետես արտաքինից՝ այս տղան ինչով կարող է դուրս գալ հանդիսատեսին։ Ահա 5 պատճառ, թե ինչու եմ ես այդպես համարում։
1. Միջակ երգիչ
Գիտեմ, որ հեսա մալալետկա երկրպագուհիներն ինձ խաչելու ու խարույկի վրա այրելու ցասումնալից մեկնաբանություններ կգրեն, բայց, ցավոք, ստիպված եմ արձանագրել, որ Միհրան Ծառուկյանը՝ որպես երգիչ, բացարձակ միջակություն է, եթե չասեմ ավելին։ Չունի ո՛չ երևելի վոկալային տվյալներ, ո՛չ էլ ինչ-որ յուրահատուկ ձայնային առանձնահատկություններ, որոնք նրա երգեցողությունը կկարողանային գրավիչ դարձնել։
2. Պլաստիկայի իսպառ բացակայություն
Տեսե՞լ եք երբևիցե, թե ինչպես է պարում ու շարժվում Միհրան Ծառուկյանն իր տեսահոլովակներում։ Ամեն անգամ այդ պատկերը տեսնելիս ակամայից հիշում եմ ռուսական հայտնի խոսքը, երբ ինչ-որ մեկի անփույթ, ոչ ճկուն, ծանր շարժուձևին, ինչպես նաև այս կամ այն իրավիճակում անզգույշ ու հախուռն գործելուն գնահատական տալով՝ ասում են՝ «ինչպես փիղը ֆարֆորի խանութում»։ Միհրանը ծանր է, զուրկ է պլաստիկայից ու խորեոգրաֆիկ աղետ է։
3. Զրոյական խարիզմա
Սա հատկապես վառ երևում է Վարդայի հետ համատեղ թողարկած տեսահոլովակում, որը դիտելիս մարդու քուն է տանում, այնքան իներտ ու անհետաքրքիր է Միհրանը։ Պետք չէ խառնել բարետեսությունը խարիզմայի հետ, դրանք միանգամայն տարբեր բաներ են։ Մարդը կարող է ունենալ համեստ արտաքին տվյալներ, բայց վառ արտահայտված խարիզմա, կամ էլ, ինչպես Միհրանի պարագայում է, ունենալ լավ արտաքին տվյալներ, բայց իսպառ զուրկ լինել էդ անտերից։ Գուցե համարեք, որ սխալվում եմ, բայց Միհրան Ծառուկյանին ես մենակ էն իրա գովազդային պաստառներից ժպտացող բարետես երիտասարդի դեմքով եմ պատկերացնում։
4. Աղքատիկ ու անճաշակ ռեպերտուար
Բացի նրանից, որ Միհրան Ծառուկյանը միջակ երգչակ է, նա նաև աղքատիկ երգացանկ ունի, այն էլ՝ համեմված էժանագին ու տափակ կատարումներով։ Ասենք՝ լրիվ «խոպանչիները կսիրեն» ժանրի ներկայացուցիչ է, ինչպես, ասենք, նույն Վաչե Ամարյանն ու Լիլիթ Հովհաննիսյանը։ Ոչ մի լուրջ երգ, ոչ մի արժեք ներկայացնող կատարում ես դեռ չեմ հանդիպել Միհրանի մոտ։
5. (չ)Դերասանություն
Շարունակելով խարիզմայի թեման՝ ցանկանում եմ նշել, որ բացի (չ)երգիչ լինելուց՝ Միհրանը նաև (չ)դերասան է։ Ըստ էության, Միհրան Ծառուկյանի դերասանական խաղն արտահայտվում է նրա դեմքի արտահայտության երեք տիպի փոփոխություններով. ժպտացող Միհրան Ծառուկյան, տխուր Միհրան Ծառուկյան և զայրացած Միհրան Ծառուկյան։ Ձանձրալի է հետևել նրա մարմնավորած հերոսներին, որովհետև նախ դրանք անփոփոխ են՝ անկախ նրանից, թե ինչ ֆիլմում կամ հոլովակում է նա, հետո էլ, վերադառնալով նույն խարիզմայի հարցին, նա չի կարողանում դրսևորել որևիցե քիչ թե շատ ակնառու բան, բացի իր արտաքին տվյալներից, երբ խաղում է այս կամ այն դերը։
Այս բոլոր կետերը միասին ստիպում են, որպեսզի ես ասեմ, որ Միհրան Ծառուկյանն անիմաստ գերարժևորված կերպար է մեր շոու բիզնեսում և նույնիսկ թյուրիմացություն։