Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-հուլիս ամիսների սոցիալ-տնտեսական նախնական ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ աճել է 4,2 տոկոսով։ Հիշեցնենք, որ հունվարին աճի տեմպը կազմել էր 1,8 տոկոս, հունվար-փետրվարին և հունվար-մարտին` 2,5-ական տոկոս, հունվար-ապրիլին և հունվար-մայիսին` 2,7-ական տոկոս, հունվար-հունիսին` 4,2 տոկոս:
Այս տարվա միայն հուլիսին նախորդ տարվա` 2014-ի հուլիսի համեմատ աճը կազմել է 4 տոկոս, իսկ նախորդ ամսվա` հունիսի նկատմամբ` 9,2 տոկոս:
Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեում դրված է տարվա կտրվածքով 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, ՀՀ ԿԲ-ն կանխատեսում է մինչև 2 տոկոս տնտեսական աճ, ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրում կանխատեսվում է 1 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկի կողմից` 0,8 տոկոս, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը մինչև 1 տոկոս անկում է կանխատեսում: