Շատ ուշագրավ ու խորհրդանշական է այն, թե ինչ օրն են գցել Աշոտ Աղաբաբյանին՝ Բուռնաշին, որ վերջինս ստիպված է վաճառքի հանել Հրազդան մարզադաշտն ու դրա հարակից շուկան։ Փաստացի, մարզադաշտն արդեն սնանկ է ճանաչվել, ու հենց Բուռնաշի խոսքերով՝ ինքը փող չունի, որպեսզի այնտեղ սպասարկող անձնակազմ պահի։
Սա իրոք խորհրդանշական է, որովհետև Բուռնաշն այն եզակի հանրապետականներից է, ով հանրապետական է եղել դեռ այն ժամանակ, երբ այս կուսակցությունն իրենից մարգինալ ու փոքրաթիվ միավոր էր ներկայացնում։ Բուռնաշն այսօր այդ ժամանակներից գործող ու ողջ մնացած վերջին հին գվարդիականն է, ով ժամանակին Նավասարդյանի ու Անդրանիկ Մարգարյանի հետ հիմնում էր կուսակցությունն ու երկար տարիներ հանդիսանում դրա ջատագովը։
Ընդհանրապես, ՀՀԿ-ի պատմությունը լի է պատահականություններով, հատկապես իր գոյության սկզբանական փուլում։ Ով չի հիշում՝ հիշեցնեմ, որ Հանրապետականին մարդամեջ գցեց ոչ այլ ոք, քան մեր վայ սպարապետ Վազգեն Սարգսյանը, ով մի օր զարթնեց ու հասկացավ, որ ինքն ուզում է իբր ազգայնական գաղափարախոսությամբ կուսակցություն ունենալ, որի վրա կարող է հենվել՝ իր պաթոսով ու կիսառազմականացված բռնապետություն ունենալու տեսլականով։ Վազգենից հետո ՀՀԿ-ում սկսվեցին տարօրինակ մետամորֆոզներ, ու այսօրվա դրությամբ երբեմնի մարգինալ ու ազգայնամոլական թեզերով հագեցած գաղափարախոսությամբ այս կուսակցությունը դարձավ ամենախոշոր քաղաքական միավորը, որը փաստացի ազգայնական ոչ մի բան չի կրում։ Ասեմ ավելին, ՀՀԿ-ն դարձավ ամենահակազգային երևույթը նորանկախ Հայաստանի պատմության մեջ, որի հետ անգամ ՀՀՇ-ն չի կարող մրցակցել։
Ու հիմա Բուռնաշին կուլակաթափ անելը խորհրդանշական է նրանով, որ կարծես թե մի հատ մեծ վերջակետ են դնում 90-ականների ՀՀԿ-ի վրա ու վերջնականապես ամրագրում 2010-ականների ՀՀԿ-ի ստանդարտ կարգավիճակը։
Հ.Գ. Բուռնաշն էլ մեղքս չի գալիս ցանկացած պարագայում, իսկ մարզադաշտը ճիշտ կանեն՝ պետականացնեն ու հանձնեն Ֆուտբոլի ֆեդերացիային։