EXCLUSIVE

Հաղորդավարուհի, պարուհի Մարինա Մարտիրոսյանն այս օրերին ընտանիքով հայրենիքում է: Ամուսնությունից հետո Մոսկվայում բնակություն հաստատած պարուհին առնում է հայրենիքի, ընտանիքի, հարազատների և ընկերների կարոտը: Բացի այս ամենից, Մարինան նաև կարևոր աշխատանքներ ուներ հայրենիքում, նա «Ջահերով երթ դեպի Արարատի գագաթը» նախաձեռնության մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է, ով էլ վերջերս ասուլիս էր կազմակերպել: BlogNews.am-ը հետաքրքիր օր է անցկացրել Մարինայի և նրա ընտանիքի հետ բնության գրկում, լուսանկարել նրանց և զրուցել: 

«Օրերս չափազանց հագեցած են անցնում հայրենիքում,-պատմում է Մարինան,-շատ էի կարոտել և դեռ կարոտս լիարժեք չեմ առել, կարծում եմ՝ չեմ էլ առնի: Չնայած Մոսկվայում քիչ-քիչ ևս ձեռք եմ բերում ընկերներ, բայց, միևնույն է, քո երկիրը, քո հարազատներն այլ են: Կան փողոցներ, կան անկյուններ, որոնք ես շատ սիրում և կարոտում եմ»:

Մարինայի բալիկները՝ Ռաֆայելան և Առնոն, չափազանց աշխույժ էին նկարահանման ամբողջ ընթացքում: Պարզվում է՝ Ռաֆայելան արդեն մեկ անգամ եղել է հայրենիքում, իսկ Առնոյի համար Հայաստանը նորություն էր. «Բնականաբար, երբ Առնոն մի քիչ մեծանա, ես նրան կպատմեմ իր արած խենթությունների մասին, այստեղ անգամ մի քանի օր գնացել ենք մանկապարտեզ, չնայած որ նա դեռ չի գնում մանկապարտեզ, բայց չափազանց ոգևորված էր: Առնոն շատ մարդամոտ բալիկ է, բայց այստեղ կարծես էլ ավելի բացվեց, մերվեց»:

Մարինայից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք երեխաներին մեծացնելու հարցում խորհուրդներ ընդունում է մայրիկից, թե՝ ոչ. «Կարծում եմ՝ պետք է խորհուրդներ հարցնել: Ամեն դեպքում ինչքան էլ լսես խորհուրդներ, դու դաստիարակում ես մարդուն այնպես, ինչպես որ դու կաս: Իսկ մայրիկիս տված ամենակարևոր խորհուրդը՝ բալիկների հետ կապված, հետևյալն էր, որ երբեք պետք չէ կոպիտ լինել, խփել, քանի որ ամեն ինչ կարելի է խոսքով էլ բացատրել: Ես հիշում եմ, որ ինձ երբեք չեն ծեծել»:

Եթե կարիերայի ու ընտանիքի միջև ընտրության կարիք լիներ, Մարինան միանշանակ չէր տատանվի. «Իհարկե, աշխատանքը ևս կարևոր է, բայց երբ պահը հասունանում է, և դու պատրաստ ես դրան, արդեն կարևորն ընտանիքն է, ինձ համար կարիերան ևս կարևոր է, բայց առաջնային է ընտանիքը: Բնականաբար, ընտանիքի դեպքում աշխատանքն արդեն երկրորդ պլան է մղվում, բայց ես իմ ամուսնուն այնքան շնորհակալ եմ, որ նա ինձ չի կտրում աշխատանքից, այլ հակառակը՝ աջակցում է իմ որոշումներում և սկսած գործերում»:

Մարինայի խոսքով՝ իր և ամուսնու՝ երեխաների դաստիարակման մեթոդները հիմնականում համընկնում են. «Լինում են պահեր, երբ ամուսինս բռնկվում է, չնայած ինձ մոտ էլ է երբեմն այդպես լինում, դա բնական է, ցանկացած ծնողի մոտ էլ լինում է»:

Պարուհին այն մայրերից է, ովքեր հավաքում, գրի առնում և ֆիքսում են բալիկների առաջին քայլերը: Թե՛ Ռաֆայելան, թե՛ Առնոն ունեն իրենց առանձին ալբոմները, որտեղ հավաքված են լուսանկարները, խոսվում է առաջին քայլերի, առաջին բառերի մասին. «Ես դա անում եմ նրանց համար, որ հետագայում նայեն: Ռաֆայելայի առաջին բառը մամա է եղել, հետո նոր պապա: Այնուհետև եկավ մի շրջան, երբ նա սկսեց մապա ասել, իսկ հիմա ինքը բոլորին է մամա ասում (ի դեպ, զրույցի ընթացքում երեխան ինձ էլ էր մամա ասում, հեղ.): Դա նրա դիմելու ձևն է»:

Երեխաների մասնագիտական ընտրության հարցում ծնողները չեն միջամտելու, միայն ուղղություն ցույց կտան. «Շատ կարևոր խորհուրդ բալիկներիս, որ միշտ ուզում եմ՝ նրանք հիշեն՝ թող մարդ լինեն և դիմացինին միշտ հասնեն և հասկանան: Օրինակ՝ ինձ երբ չեն հասկանում, դա շատ ծանր է: Թող բոլոր մայրիկները և բալիկները, ընտանիքները լինեն կայուն և երջանիկ»:

Օգոստոսի վերջին Մարինան ընտանիքի հետ կրկին վերադառնում է Մոսկվա: Հիմա դեռ չի աշխատում, չնայած մեծ ցանկություն ունի, աշխատանքին կվերադառնա, երբ Առնոն մի քիչ էլ մեծանա:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել