Tert.am-ը գրում է.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետք է ուժեղացվի Ուկրաինայի հետ սահմանը, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Մենք չենք թաքցնում, որ պետք է ամրապնդենք հարավային սահմանները։ Եվ ոչ այն պատճառով, որ վախենում ենք ուկրաինացիներից, որ կարող է մեզ վրա ինչ-որ մեկը հարձակվել։ Մենք զգուշանում ենք, որ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի արդյունքում այստեղ չգան տարբեր տարրեր, որոնք պետք չեն Բելառուսին, և հատկապես՝ զենք»,-հայտարարել է Լուկաշենկոն՝ ընդունելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Ստանիսլավ Զասյային և պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովին։
Նախագահին զեկուցել են, թե ինչպես են ընթանում նոր զենքի ու նոր զինատեսակների ստեղծման աշխատանքները Բելառուսում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսն ամրապնդում է սահմանն Ուկրաինայի հետ՝ այնտեղ տիրող իրադարձությունների պատճառով։ Բելառուսի և Ուկրաինայի սահմանի երկարությունը 1.084 կմ է։



