Սահմանամերձ համայնքներին արտոնությունների տրամադրման ծրագիրն ընդլայնում է իր աշխարհագրական սահմանները: Օգոստոսի 18-ի կառավարության նիստում որոշվել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ներառել նաև Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքը: Այս որոշումը նպատակ է հետապնդում խրախուսել Պարույր Սևակ համայնքի տնտեսական ակտիվությունը և ցուցաբերել սոցիալական աջակցություն:
Պարույր Սևակ գյուղը գտնվում է ադրբեջանական դիրքերի անմիջական հարևանությամբ և ունի մեծ թվով խնդիրներ: Գյուղում կան նաև մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ, և այստեղ տնտեսական գործունեությունը նույնպես կիրականացվի արտոնյալ պայմաններով:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ վարչապետ Աբրահամյանն այցելել էր Արարատի մարզի Այգեստան և Պարույր Սևակ համայնքներ, հանդիպել բնակչությանը, ծանոթացել համայնքների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին:
Վարչապետի հետ հանդիպման ժամանակ Պարույր Սևակ համայնքի բնակիչները խնդրել էին վարչապետին իրենց գյուղն ընդգրկել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում, որպեսզի կարողանան օգտվել տնտեսական ու սոցիալական արտոնություններից: Վարչապետն իր հերթին նշել էր, որ այդ հարցը կքննարկվի կառավարությունում, ու հնարավորության սահմաններում հարցին լուծում կտրվի: