Եվ այսպես, ես՝ երկրիս խոնարհ տարեգիրը – ներեցեք ինքնակոչիս, մեր հայոց աշխարհում քեզ երկու քաղցր խոսք չեն ասի, ուր մնաց՝ անձիդ կոչում տան – ահա՝ նվաստ տարեգիրս, ձգտելու եմ տալ երկրի վիճակի բնութագիրը այս ժամին: Գիտեմ, չկա ավելի մեծ պարտականություն, քան ցրել անգիտությունը և լույսի մի շող ավելացնել սեփական գիտակցության մեջ: Եվ ուրիշների – եթե կոչված ես:
Կա մի կախարդական ժամ, երբ ազգի հոգիները իրար կապվում են հրեղեն միջուկներով, գոյանում է արև, և լույսն այնքան ուժեղ է լինում, որ խավարի բոլոր ծնունդները՝ ազդեցության գործակալները, երիտ-պետականները, զոռբաները, սափրագլուխները, պրովոկատորները, «լավ տղերքը» մտնում են ասֆալտի ճեղքերի մեջ, կորչո՛ւմ են, չկա՛ն… Գալիս է միամիտների, պայծառների, մաքուրների ժամը: Եվ նրանք վերցնում են երկիրը՝ իրար թիկունք պահած, պայծառաչ, իրար քաղցր հացուջուր հասցնող: Առավոտյան ավլում են Բաղրամյանը, երեկոյան խտանում են ադամանդի պես ու փայլում, գիշերն իրենց մարմիններով հալում են ասֆալտը և փարում են էն հողին, որ կոչվում է Հայք: Սրբազան է էդ ժամը, մենք երկրի տերն ենք: Մի քայլ է մնում միայն, որ հուրը հասնի ու կիզի, մոխրացնի այն վիշապը, որ կոչվում է ՉԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ:
Այս անգամ չիշխանության վիշապի այրելու ժամը չէր: Երեք պատճառներով: Մեր հարազատ ռուսական արջը մտմտում էր միջամտել. դա ծանր կլիներ: Մեր տխուր կառավարիչը այդ ժամին պետք էր երկրին – նրան հեռացնեինք՝ քաոսում կհայտնվեինք և ուղիղ արջի թաթերի մեջ: եվ երրորդը՝ Շարժման ստվերային կառավարչություն չկար, ազգային կոնսենսուս չկար՝ ի՞նչ պիտի անեինք իշխանությունը, եթե հանկարծ փլվեր մեր ուսերին: Ճիշտ էր ընդմիջումը:
Եկել է մի ուրիշ ժամ – ազգի հոգիները նորից անջատվել են – ամեն մեկն իր գործին, իր անձին: Ընդհանուր արև չկա, կարծես մոռացվել է, նա միայն պոտենցիալ է – կարողունակություն: Էն մեր «Ոտքի Հայաստանի» համակարգողները երևի զարմանում են – ինչի՞ իրենց հետ ճանապարհ փակող չկա, Ամիրյանի ասֆալտին պառկող չկա: Մի՛ վհատվեք, ընդհանուր արևը մայրամուտի կացարանում է: Նորից կծագի…
Ի՞նչ ենք անելու: Պետք է քայլ առ քայլ մոտեցնել ՉԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ արևի մեջ այրելու ժամը: Ինչպե՞ս: Նույն երեք պատճառները ձևափոխելով: Ռուսական կայսրությանը ասում ենք ուղիղ տեքստով – ռուսական շահը Հայաստանում ոտնատակ չի արվի, բայց մեր կողմից պայման կա՝ ազատություն և մեր պետությունը վերափոխելու հնարավորություն: Ռուսաստանի ազդեցության խոշոր գործակալներին և գորշ կարդինալներին – բոլորիդ ճանաչում ենք; Դուք Ռուսաստանին է՜լ օգնել չեք կարող, վազն արեք: Թե օգնել՝ մենք կօգնենք – ցիվիլ պատուհան կլինենք Ռուսաստանի համար դեպի աշխարհ: Եթե ռուսական պետությունը մի քիչ թարազիի գա և մեր կարիքն ունենա: ԿԳԲ-ի շարքային գործակալներին. մի A-4 ֆորմատի թղթի վրա կգրեք, որ հավաքագրված եք եղել, ներողություն կխնդրեք հայրենիքից և կանցնեք հայրենաշինության գործին: Էդ թուղթը կլինի 2 օրինակ, կպահվի տարբեր անկիզելի պահարաններում, երկրի բարձրագույն կառավարչին կից: Բացարձակ գաղտնի: Ներհայկական խժդժությունը հիմարություն կլինի – էս նեղ պահին: Այսպես:
Մեր տխուր կառավարիչը: Նրա և ղարաբաղածին վերնախավի իղձը՝ մի 200 տարով պահել Հայքի իշխանությունը, անիրականանալի է: Ղարաբաղցի հայ, Տարոն-Տուրուբերանի հայը քո կառավարչության հետ համաձայն չի: Գիտես, թե սա ինչ է նշանակում: Մեր ներկա կառավարիչին պիտի տալ հնարավորություն, որ ԻՆՔԸ ՈՐՈՇԻ իր գնալու օրը: Դա լինելու է գլոբալ զարգացումների և Շարժման հզորացման արդյունք: Շատերը չեն հասկանա, թե դա ինչ է – ինքը որոշի, - բայց ՀՀ գործող նախագահը ԿՀԱՍԿԱՆԱ: Դա մեծ բարիք կլինի՝ նախ իր համար: Եվ աննախադեպ ելք՝ նման երկրների փորձի տեսանկյունից:
Եվ երրորդ: Ո՞վ պիտի վերցնի իշխանությունը և ինչպե՞ս վերցնի: Հազար անգամ ասել եմ՝ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ և կրողները: Եվ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ: Կհարցնեք՝ ո՞վ, ինչպե՞ս, ի՞նչ տեխնոլոգիայով – մի անգամ գրել եմ, էլի կգրեմ: Կրկնեմ՝ երկրի իշխանությունը հանձնել Մշակույթին: Գործնական Ծրագիրը մշակված է:
Չիշխանությունը շատ է վախենում Շարժումից: Շարժման մեջ էլ նկատվեց վախ՝ չիշխանության ռեպրեսիվ ապարատի նկատմամբ: Բայց վախը վատ խորհրդատու է մեր ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ՝ ընդհանրապես: Բայց ի՞նչ է եղել – 4-րդ գյուղում մի լավ եզդի կին կա, վախ է բռնում, երկու կողմով գնանք՝ թող մեր ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱԽԸ բռնի:) – մեր դարերի անկումներից ու նահանջներից սնված: Վախի տեղը կբռնի Հայի Բանականությունը, նա կձգտի այնպիսի հաղթանակի, որ պետք է բոլորին: