Araratnews.am-ը գրում է.
Օգոստոսի 17-ին ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՀՀ-ում Պերուի դեսպան Ումբերտո Ումերես Ալվարեսին (նստավայրը` ք. Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։
Շնորհավորելով դեսպան Ալվարեսին՝ փոխնախարար Հովակիմյանն իր գոհունակությունը հայտնեց Հայաստանում Պերուի առաջին դեսպանի հավատարմագրման կապակցությամբ: Ընդգծելով, որ առկա է հարաբերություններն ընդլայնելու մեծ ներուժ՝ ԱԳ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ Պերուի նորանշանակ դեսպանն իր ավանդը կներդնի երկկողմ համագործակցության խորացման գործում:
Դեսպան Ալվարեսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ իր հնարավորությունների սահմաններում կօժանդակի Հայաստանի և Պերուի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական և մշակութային կապերի ստեղծմանն ուղղված քայլեր: Քննարկվեցին նաև միջազգային կառուցներում համագործակցության շարունակությունը և Պերուի մտադրությունը՝ ԵԱՏՄ հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու վերաբերյալ: Անդրադարձ կատարվեց նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային հարցերին: