Նոր Սահմանադրության նախագծի մեջ կան որոշ փոփոխություններ, որոնք, չգիտես ինչու, չեն քննարկվում: Օրինակ՝ առաջարկվում է Կենտրոնական բանկի հիմնական խնդիր սահմանել ոչ թե գների կայունության (որը գործում է 1996թ-ից), այլ գների և ֆինանսական կայունության ապահովումը: Ճիշտ է, «ՀՀ Կենտրոնական բանկի մասին օրենքով» ֆինանսական կայունության ապահովումը սահմանված է որպես ԿԲ խնդիրներից մեկը, սակայն նույն օրենքը սահմանում է, որ հակասությունների դեպքում ԿԲ-ն առաջնություն է տալիս հիմնական խնդրին: Իսկ Սահմանադրության նախագծով առաջարկվում է երկու խնդիրները «հավասարեցնել»: Որոշ մասնագետների կարծիքով՝ այս երկու նպատակները միմիանց հակասող են, մյուսների պնդմամբ՝ լրացնող, միասնական կարծիք չկա: ՀՀ Կենտրոնական բանկն այսօր կիրառում է գնաճի նպատակադրման ռազմավարությունը, որի արդյունավետ կիրառման առաջին նախապայմանը գների կայունության ապահովման՝ որպես ԿԲ հիմնական խնդրի սահմանումն է: Թե որքանով առաջարկվող փոփոխությունը կարող է ազդել ՀՀ ԿԲ քաղաքականության վրա, չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում Սահմանադրության նախագիծը քննարկելիս պետք է հաշվի առնել նաև այսպիսի «մանր» փոփոխությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել