Իրան-Հայաստան հարաբերությունները վերջին ժամանակահատվածում թևակոխել են զարգացման նոր փուլ:
Ինչպես տեսանք, Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառած պետությունները վերջին օրերին վերանայում են իրենց որոշումները:
Մասնավորապես, Եվրամիությունն օրեր առաջ պատժամիջոցների ցուցակից հանել էր իրանական նավթային երկու ընկերությունների անուններ:
Բացի դա, Շվեյցարիան նույնպես հանում է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Մասնավորապես, խոսքը գնում է Իրանի հետ կոմերցիոն գործունեության և թանկարժեք մետաղների, նավթաքիմիական արտադրանքի առևտրի և նավթամթերքի տեղափոխման արգելքի մասին:
Սա, բնականաբար, շահավետ է նաև Հայաստանի համար: Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը պարարտ հող է նախապատրաստում Իրան-Հայաստան հարաբերությունների խորացման և համագործակցության նոր եզրեր գտնելու համար:
Վերջին մի քանի օրերին խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ Հայաստանը խուսափում է օգտվել իրեն ընձեռված այսպիսի հնարավորություններից:
Բնականաբար սպասելի էր, որ կառավարությունը` վարչապետի մակարդակով, կարձագանքի այս թեմային: Գործադիրի ղեկավարն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձ է կատարել Իրանի նկատմամբ կրառված պատժամիջոցների վերացման թեմային և երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու հեռանկարներին:
Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ծրագրի աշխատանքները վերսկսելու վերաբերյալ մի քանի օր առաջ հերթական փաստաթուղթն է ստորագրվել, ինչը նշանակում է, որ գործընթացն ակտիվ փուլ է մտնում: Էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցությունը կնպաստի ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը:
Պետք է փաստենք, որ Իրանը Հայաստանի համար հուսալի և կարևոր երկիր է:
Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու ճանապարհին ուրվագծվել են մեծ հեռանկարներ, և պետք է կատարել հնարավոր բոլոր քայլերը սպասելիքներն իրականացնելու համար: