Image result for պայքարԷս հոդվածը գրել եմ մի հազար տարի առաջ, բայց համոզված եմ, քանի դեռ դրա մեջ կետերով արձանագրված խնդիրները չեն կարգավորվել, սայլը տեղից չի շարժվելու:

Վերջին ժամանակներում հայ հասարակության մեջ շրջանառվող ակտուալ թեմաներից է հեղափոխությունը: Կարելի է ասել, որ ժողովրդական լայն շրջանակների մոտ օրինաչափ պահանջարկ է ստեղծվել. արատավոր հին կարգերը փոխարինել նորով կամ այլ խոսքով ասած՝ իրականացնել համակարգափոխություն: Բայց ինչպես տեսնում ենք, հասարակական տրամադրությունները և առկա քաղաքական խմորումներն աստիճանական զարգացման արդյունքում բոլորովին տարբեր հուներով են ընթացել: Քաղաքական ընդդիմության մի զգալի հատվածը բացառում է պայքարի հեղափոխական ուղին և առաջ քաշում իշխանափոխության այլընտրանքը, բայց չունենալով գործունեության իրական կոնսենսուս՝ դեռևս զրկված է լուրջ գործնական քայլեր իրականացնելու հնարավորությունից: Չխորանալով տարիներ շարունակ իշխանափոխության ձախողման պատճառների մեջ, որոնք բոլորին են հայտնի, փորձենք վերլուծել ընդդիմության ոչ այնքան լուսաբանված կոնտիգենտի գործունեությունը: Ընդդիմության այդ թևն ակտիվորեն առաջ է քաշում քաղաքական պայքարի համակարգափոխության ուղին, բայց ցույց չի տալիս դրա ռեալ հնարավորությունները՝ հաղթանակի ճանապարհները: Այսինքն՝ կարող ենք փաստել, որ հեղափոխական ուժերը նույնպես դեռևս զրկված են լուրջ գործնական քայլեր իրականացնելու հնարավորությունից: Գործնական քայլերի բացակայությունը թերևս պայմանավորված է մի շարք պոստուլատային դրույթների բացակայությամբ և արատավոր երևույթների առկայությամբ: Ինստրումենտալ վերլուծությունը գրեթե ամբողջացնում է ձախողման պատճառների խճանկարը: Եվ այսպես՝ առաջին հերթին կարող ենք առանձնացնել. 1.Ինստիտուցիոնալ կառավարման համակարգի բացակայություն. թերևս գյուտ արած չենք լինի, եթե ասենք, որ առանց ցնցումների համակարգափոխության համար անհրաժեշտ է ստեղծել արդեն գոյություն ունեցող համակարգին զուգահեռ գործող համակարգ՝ իր բոլոր ինստիտուտներով հանդերձ, որն ըստ էության պետք է կոորդինացնի և իրականացնի նախատեսվող փոփոխությունները: Բայց ինչպես տեսնում ենք, զուգահեռ համակարգ ստեղծելու բոլոր փորձերը ձախողվում են, քանի որ բացակայում են այն կառավարման ինստիտուտները, որոնց վրա պետք է հենված լինի համակարգը: 2.Անհատի պաշտամունք. պետք է փաստել, որ երկրորդ կետում նշված այս արատավոր երևույթն առաջին հերթին լրջորեն խոչընդոտում է առաջին կետի ռեալիզացմանը, իսկ այդ քաղաքական կառույցները, որպես կանոն, ամբողջապես հիմնվում են որոշակի անհատականությունների հեղինակության վրա և դրանով իսկ դառնում են էլ ավելի խոցելի: Հեղինակավոր անհատի չեզոքացման դեպքում քաղաքական թիմերն արագորեն կազմաքանդվում են, քանի որ հիմնված են մեկ մարդու պահի ազդեցության տակ կայացրած որոշումների վրա՝ չունենալով գործունեության ռազմավարական և մարտավարական քարտեզ: Բացի այդ նման համակարգերում շարքային հետևորդները վերածվում են կառավարման ձայնազուրկ սուբյեկտների և կորցնում են զգոնությունն ու իրականության զգացողությունը: 3.Կտրված են ժողովրդից. կարելի է փաստել, որ նրանք գրեթե ամբողջությամբ կտրված են ժողովրդից, նրանց հետևորդների թիվը հարյուրից չի անցնում, դեռ ավելին՝ մի բան էլ պակասում է, բայց նրանք դրանից չեն ընկճվում, ավելի են գոտեպնդվում՝ կարծելով, թե ամբողջ հայ ժողովուրդը մոլորյալ է, չի գիտակցում իրավիճակի լրջությունը, իսկ իրենք բարձրագույն ճշմարտության կրողներն են՝ «մարգարեներ հեռավոր անցյալից», որոնք կանխատեսել են պետականության մոտալուտ կործանման սպառնալիքը և ճիշտ ժամանակին հայտնվել են ճիշտ տեղում: Համենայն դեպս, «փրկիչ առաջնորդներն» այդպես են ներկայացնում իրենց մի քանի տասնյակ մոլեռանդ, ֆանատիկոս հետևորդներին: 4.Գործունեության անարդյունավետությունը. ուսումնասիրության թիրախ դարձած քաղաքական թիմերը գրեթե ուշադրություն չեն դարձնում իրենց գործունեության արդյունավետության վրա: Նրանք առանց որևէ լուրջ արդյունք արձանագրելու վստահաբար առաջ են ընթանում՝ տալով իրականությունից կտրված նորանոր խոստումներ: Այստեղ պետք է առանձնացնել նաև անսկզբունքայնությունը և սխալ թիրախների ընտրությունը, որի արդյունքում պարբերաբար մեկը մյուսին հաջորդում են խայտառակ ձախողումները: Վերը թվարկված դիտարկումներին անշուշտ հնարավոր կլինի ավելացնել ևս մի քանի տասնյակ կետեր, բայց, թերևս, սահմանափակվենք այսքանով: Առանց որևէ չարախնդության հույս ունենք, որ 2015 թվականին ընդդիմությունը կվերանայի վերոհիշյալ բացթողումները, և քաղաքական պայքարը կտեղափոխի որակական բոլորովին այլ ռելսերի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել