Երրորդ հանրապետության կենսագրությունը սկսվեց կապիտալիզմի կայացումով: Պետական ողջ ունեցվածքը պիտի մասնավորեցվեր: Եվ իշխանական բարձունքներում ու մերձակայքերում գտնվողների համար ստեղծվեց եզակի, հեքիաթային հնարավորություն՝ գրիչի մի շարժումով տիրանալ ահռելի հարստության: Ու տիրացան:
Երբ մարդը հոգեպես ու կրթվածությամբ պատրաստ չէ միանգամից հարստանալուն, ապա հարստությունը խժում է նրա հոգին, նրան դարձնում իր զոմբին: Եվ մարդը վերածվում է ահագնանալ տենչացող հարստության կամակատարը, մարդը վերափոխվում է ամենակուլ մի արարածի, ով անզսպելիորեն ձգտում է իրենը դարձնել երևացող ամեն ինչ: Նա այլևս հարստության կուտակումը չի դիտում որպես իր սերունդների ապահովման միջոց, հարստության կուտակումը վերածվում է բնազդի, մոլուցքի,ինքնահաստատման մարմաջի:
Մեզանում մի շարք հիմնավոր պատճառներով տեղի ունեցավ հենց այս երևույթը:
Եթե կան կարգավորված պետություն, կազմակերպված ժողովուրդ , ստորին բնազդները ճնշող ավանդույթներ ու սովորույթներ, ապա վերը նկարագրված երևույթը մեղմվում է այս կամ այն չափով, դառնում տանելի: Իսկ եթե չկան դրանք, ապա նորահարուստների կողմից ամեն ինչ կլանելու մարմաջը դառնում է կործանարար երկրի համար. նրանք գնում են դատարանները, նոմենկլատուրային, ոստիկանությանը և, որ ամենասոսկալին է, վերին էշելոններում գտնվողներին դարձնում են իրենց նմանը: Այս դեպքում արդեն , ինչպես ասում են հենց իրենք, ,,խաղ չի լինում իրենց դեմ,;
Մեզանում տեղի ունեցավ հենց դա: Մենք եթե բավարար չափով խորամիտ լինեինք, ապա կջանայինք ճանաչել իրականությունն իր ողջ դժվարություններով հանդերձ և գտնել ժողովրդի կյանքում սկիզբ առաջ վայրի տարերքի դեմն առնելու կամ թե մեղմելու հնարը:
Բայց մենք արեցինք հենց այն, ինչն անթույլատրելի էր անել:
Դրսերից մեզ հորդորեցին, թե հանրապետություն ենք թե իշխանության տերը ժողովուրդն է և ընտրություններ է հարկավոր անել: Ու հավատալով այդ հորդորների բարիությանը, գնացինք ընտրությունների, չհասկանալով, որ ընտրությունները հնարավոր չեն մի երկրում, որտեղ ժողովուրդը չի ինքնակազմակերպվել այնքան, որ ստեղծի պետական ինքնուրույն գործող ինստիտուտներ, դատարան, ոստիկանություն ու արդարադատություն:
Գնացինք ընտրությունների՝ միամտորեն հուսալով, թե բանվորների, գյուղացիների, կարդացածների քվեների խուրձը բավարար կլինի խլել նրանցից հարստությունն ու հարստության պահպանմանն ու ընդլանմանը սպասարկող իշխանությունը: Գնացինք ու նաև հրապարակավ հայտարարեցինք անվանական ցուցակը բոլոր նրանց, ում ունեզրկելու էինք կամ ոչնչացնելու:
Կործանվել չցանկանալով, նրանք միավորվեցին, իրենց ճամբար կանչեցին փողատերերին, քրեական հեղինակություններին, փողոցի տարրերին:
Ու երբ եղավ առաջին ընդհարումը, ազգն այդ ժամից հստակ գծերով բաժանվեց թշնամական երկու հատվածների, իշխանական համակարգն է՛լ ավելի այլասերվեց, քանի որ մարտից հետո որպես խրախուսանք տեղ տրվեցին բոլոր աջակիցներին… Մեր անմիտ քայլի շնորհիվ նորահարուստները մերձեցան իշխանություններին և սկսեցին այս կամ չափով օգտագործել իշխանական լծակները բավարարում տալու համար հաստացման մոլուցքին:
Իսկ մենք մեր սխալից դաս չառանք ու կրկնեցինք այն քսան տարի շարունակ՝ ջլատելով ժողովրդի ուժերը, հոգեպես ոչնչացնելով պայքարի ելած, արժանապատվություն ունեցողներին, իսկ իշխանությունները դարձան ավելի ու ավելի մուտացված:
Ու այսքանից հետո հիմա էլի կան վճռական պայքարի կոչողներ...
Ժողովրդի հոգեվիճակը ակնհայտ երևում է բոլորին, այսօր չկա իշխանափոխության ռեսուրս, ինչպես որ չի եղել երբեք, և հակաիշխանական նոր շարժման հրահրումը նոր վնասից զատ ոչինչ տալ չի կարող:
Այսօր օրախնդիր է շտկել քսանամյա մեր բացթողումը և անել քայլեր, որոնք պարտավոր էինք անել քսան տարի առաջ:
Այդ քայլերը պիտի լինեն այնպիսին, որ ունակ լինեն՝
- մեղմել կամ կասեցնել իշխանական համակարգի հետագա այլասերման գործընթացը: Նվազագույնը՝ չնպաստեն այդ գործընթացի ահագնացմանը,
- կաշկանդեն հարստությանը գերի դարձած օլիգարխիայի գրոհը մանր ու միջին գործարարության վրա,
- մեծացնեն հասարակական կյանքի կարգավորվածության աստիճանը,
- նպաստեն ազգային վերելքի տանող արժեհամակարգի աստիճանական հաստատմանը հասարակական կյանքում:
Այդ քայլերի իրականացմանը կարելի է հասնել ազգային ինքնակազմակերպման, ազգային գաղափարախոսության կիրառման դեպքում:
Այդ քայլերը մշակելն ու կիրառելը շատ ավելի բարդ է, քան պայքարի կոչելը և ապա անհաջողությունն արդարացնելը՝ ասելով, թե իշխանությունները ուժ կիրառեցին:
Հարկավոր է անել դժվարը, որը նաև անհրաժեշտն է:
Դա հնարավոր է: