Օրերս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքում հրապարակվել էին Սահմանադրության նախագծի 1-15 գլուխները:
Սահմանադրական բարեփոխումների թեման արդեն տևական ժամանակ է, ինչ հայտնվել է քաղաքական ուժերի և կազմակերպությունների քննարկումների առանցքում: Դժգոհությունների ու հակասական կարծիքների ֆոնին քննարկումների սեղանին են դրված նաև ընդդիմադիր ուժերի հետագա անելիքները՝ բարեփոխումների գործընթացը տապալելու վերաբերյալ:
Այս թեմայով վերջին մի քանի օրերին հնչեցին տարատեսակ մեկնաբանություններ քաղաքական գործիչների ու պառլամենտական խմբակցությունների կողմից: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նույնպես անդրադարձ է կատարել սահմանադրական բարեփոխումներին և նոր Սահմանադրության կետերին: Մարտիրոսյանի դիտարկումներից առանձահատուկ ուշադրություն է պահանջում նրա` վերպետական կազմակերպություններին միանալու ձևակերպման վերաբերյալ հայտնած մտահոգությունները:
Մարտիրոսյանի կարծիքով՝ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցել է հակասահմանադրական ձևով: «Վերպետական կառույցների հետ կապված նախագծում ասվում է, որ հանրաքվեով Հայաստանը կարող է միանալ նրանց: ԵՏՄ, որը ենթադրում է վերպետական կառույց, հակասահմանադրական ձևով մտան»:
Հարկ եմ համարում այստեղ Արմեն Մարտիրոսյանի «հետաքրքիր» նկատառմանը մի հետաքրքիր հակափաստարկ ներկայացնել: Գործող սահմանադրության մեջ չկա այն կետը, որն ասում է, թե վերպետական կազմակերպություններին և միջազգային կառույցներին Հայաստանի անդամակցությունը պետք է լինի հանրաքվեի միջոցով:
Այս կետն ամրագրվելու է նոր Սահմանադրության մեջ, որից հետո միայն հանրաքվեի բացակայությունը կնշանակի Սահմանադրության խախտում:
Հետևաբար Հայաստանի` ԵՏՄ անդամակցումը եղել է առանց սահմանադրական խախտումների: Հետաքրքիր է, թե ինչ հակասահմանադրական քայլերի մասին է խոսում Արմեն Մարտիրոսյանը:
Բոլորին են հայտնի «Ժառանգություն» կուսակցության ղեկավարի արտաքին քաղաքականության մասին պատկերացումները: Մասնավորապես՝ հեծանիվ չեմ հայտնագործի, եթե ասեմ, որ Ժառանգությունը հայտնի է իր` այսպես կոչված արևմտամետ կուրսով:
Արմեն Մարտիրոսյանի դիտարկումը, սակայն, Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ, չափազանց հետաքրքիր էր. «Հիմա այս հոդվածը, որ ՀՀ-ն կարող է միանալ վերպետական կազմակերպություններին, ևս ինքնիշխանության 1-ին հոդվածի խախտում է: Որովհետև վերպետական կազմակերպությունն արդեն քո ինքնիշխանության մասնաբաժինը վերցնում է»:
Ի՞նչ է ստացվում... «Ժառանգության» ղեկավարն ու մյուս կուսակցականները, ովքեր կաթվածահար էին անում Թատերական հրապարակը, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության անհրաժեշտության փաստով, այսօր փոքր-ինչ այլ բանի մասին են խեսում:
Մարտիրոսյանի ասածից հարկավոր է դիտարկել երկու հանգամանք. կամ «Ժառանգությունը» հասարակության մեջ` Եվրամիության գաղափարը ներարկելով, ցանկանում էր Հայաստանին զրկել իր ինքնիշխանության, այսպես կոչված մասնաբաժնից, կամ էլ Մարտիրոսյանն արդեն մոռացել է իր կուսակցության` արտաքին քաղաքականության վերաբերյալ նախկինում ունեցած պատկերացումների և վեկտորների մասին:
Եվ ամենավերջին անմեղ խոստովանությունն Արմեն Մարտիրոսյանի կողմից: Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն անընդհատ խոսում են 2017 թվականի ըննտրությունների մասին:
Մարիրոսյանն այս մասով ասել է. «Պարզ է, որ իրենք հանգիստ խորհրդարանի 3/5-րդը կապահովեն: Նույնիսկ եթե այսպես ասած «ընդդիմություն» էլ գա, դա իրենց ընդդիմությունն է լինելու: Այնպես որ, ուղղակի ակնհայտ է այն, ինչ կատարվում է»:
Հետաքրքիր է, թե ինչ է նշանակում «իրենց ընդդիմությունը»:
Մարտիրոսյանի ասածից բացահայտ երևում է, որ 2017 թվականին խորհրդարանական ուժերի շարքում մենք չենք տեսնելու «Ժառանգությանը»: Նրանք արդեն կորցրել են իրենց հույսը: Այլապես ստացվում է, որ «իրենց ընդիմություն» ասելով՝ Մարտիրոսյանը սլաքներն ուղղում է նաև դեպի հարազատ կուսակցություն:
Կարծում եմ՝ կարելի է հետևել դեպքերի հետագա զարգացումներին: