Առանց մեկնաբանության ձեզ եմ ներկայացնում անգլիացի պետական գործիչ Ֆիլիպ Չեստերֆիլդի` որդուն ուղղված 25-րդ նամակից հատված, որը գրվել է 1747 թ.-ի հոկտեմբերի 9-ին` Լոնդոնում:
«Սիրելի´ տղաս, քո տարիքում պատանիները սովորաբար ծայրահեղ աստիճանի դյուրահավատ են, նրանց հեշտությամբ խաբում են փորձված մարդիկ ու հետագայում հաճախ չարաշահում ձեռք բերած վստահությունը: Բավական է, որ որևէ սեղանակից խաբեությամբ բարյացակամ ընկեր ներկայանա, և նրանք անմիջապես կհավատան այդ «բարեկամական զգացմունքների» շինծու զեղումներին, կպատասխանեն թեթևամիտ և անսահման վստահությամբ, որը միշտ վնասում, իսկ հաճախ նույնիսկ կործանում է:
Դո´ւ, որդի´ս, մտնում ես կյանք, զգուշացի´ր այն մարդկանցից, ովքեր առաջարկում են իրենց բարեկամությունը: Նրանց հետ եղիր շատ քաղաքավարի, սակայն միաժամանակ նաև շատ զգուշավոր. պատասխանի´ր նրանց սիրալիր ձևով, բայց ոչ երբեք անկեղծությամբ: Թույլ մի´ տուր քո ինքնասիրությանն ու փառասիրությանը գայթակղելու քեզ այն մտքով, որ առաջին հայացքից կամ ոչ երկարատև ծանոթությունից հետո մարդիկ կարող են դառնալ քո բարեկամը: ԻՍԿԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է ԴԱՆԴԱՂ ԵՎ ԾԱՂԿՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՄԱՐԴԻԿ ԻՍԿԱՊԵՍ ԱՊԱՑՈՒՑԵԼ ԵՆ ԱՅՆ ՄԻՄՅԱՆՑ: …
… Ես արդեն ասել եմ քեզ, որ քաղաքավարությունը և լավ շարժուձևը միանգամայն անհրաժեշտ են մյուս բոլոր արժանիքները և տաղանդը զարդարելու համար (այնպես որ, վերջ տվե´ք վերջին բառերով միմյանց վիրավորելու ֆեյսբուքյան ձեր «պատերազմիկներին»- Ն. Ղ.): Առանց դրանց ոչ մի գիտելիք, ոչ մի կատարելություն չի կարող հանդես գալ պատշաճ ձևով: Առանց դրանց գիտնականը վերածվում է պեդանտի, փիլիսոփան` ցինիկի, զինվորականը` բռի անասունի (ես էլ ասում եմ` ինչի ա մեր բանակի վիճակը սենց- Ն. Ղ.), այնպես որ` անցանկալի է հանդիպել ինչպես առաջինին, այնպես էլ երկրորդին և երրորդին…»:
Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է: Դատողությունները թողնում եմ ձեզ:



