Հայ ընտանիքի կերպարը խեղաթյուրված է: Այսօր «Երկու երես» մամլո ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում նման կարծիք է հայտնել Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը. «Այսօր երիտասարդները մտածում են, որ այն, ինչ կատարվում է դրսում, պետք է ներմուծել նաև այստեղ: Մարդիկ ամուսնանում են առանց ընտանիք կազմելու լրջությունը պատկերացնելու: Մտածում են՝ երբ ուզեն, կամուսնանան, իսկ երբ իրենց ամուսինը չկարողանա այլևս բավարարել իրենց կարիքները, կարող են միանգամից ամուսնալուծվել: Շատ հաճախ իբրև թե արդարացում ասում են՝ ուրիշին եմ սիրում ու թողնում են իրենց ընտանիքը, երեխաներին: Ամուսնալուծությունների պատճառն այսօր ոչ այնքան սոցիալ-տնտեսական ծանր պայմաններն են, որքան մարդկանց ժամանակակից ու ամեն ինչին մատների արանքով նայելու մոլուցքը: Ամուսնությունը դարձրել են խաղ ու պար: Հայ Առաքելական եկեղեցին մարդկանց պսակադրում է երկու անգամ: Առաջինն արդեն պարզ է, իսկ երկրորդ անգամ պսակադրում ենք միայն այն դեպքում, եթե ամուսիններից մեկը մահացել է, կամ մեկն ու մեկի հոգեկան հիվանդ լինելու, դավաճանությունը չներելու պատճառով ամուսնալուծվել են: 

 Ասուլիսի մյուս բանախոսը` Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը, նշեց, որ Հայաստանում ամուսնալուծությունների թիվն այս տարի 3 անգամ ավելացել է. «Հայ ընտանիքը թուլացել է այնքան, որ ի վիճակի չէ իրականացնել ազգի վերարտադրությունն ու սերնդափոխությունն ապահովելու իր վրա ի վերուստ դրված առաքելությունը: Անցումային փուլի առաջացրած սոցիալ-հոգեբանական բնույթի խնդիրները թուլացրել են հայ ընտանիքը` բերելով մարդկանց մոտ անվստահություն իրենց ուժերի նկատմամբ: Արդյունքում կրկնապատկվել է ամուսնալուծությունների թիվը, ընկել է ծնելիության մակարդակը, երիտասարդները խուսափում են ամուսնանալուց և ելնելով սոցիալական հիմնախնդիրներից` նախընտրում են արտագաղթել: 

 Հասարակության իրավագիտակցության ցածր մակարդակը թույլ չի տալիս մարդկանց իրավական դաշտում ճիշտ և արդյունավետ կերպով կողմնորոշվել: 

 Մենք առաջարկում ենք ՀՀ կառավարության հետ մշակել և իրականացնել ընտանիքի ռազմավարություն, նախագիծը ներկայացնել ՀՀ նախագահին և ԱԺ` օրենսդրական ուժ տալու համար»: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել