Վերջին տարիներին Հայաստանում մեծ թվով նախաձեռնություններ, շարժումներ ձևավորվեցին, որոնք առաջ էին քաշում տարաբնույթ հարցադրումներ, պահանջներ: Ակնհայտ էր, որ պետականաշինության, քաղաքացիական հասարակության կառուցման ճանապարհին դա երկրի համար շատ կարևոր էր:
Եթե նախնական շրջանում դրանք գրեթե ամբողջությամբ վայելում էին հասարակության հարգանքը, ապա ժամանակի ընթացքում որոշ նախաձեռնությունների նկատմամբ անորոշ տեղեկատվություն էր շրջանառվում:
Մի մասին մեղադրում էին այս կամ այն երկրից դրամաշնորհներ ստանալու ու նրանց շահերին ծառայելու համար (հիմնականում արևմուտքից), իսկ մյուս մասին` «իշխանություններին ծախված լինելու»:
Որպես կանոն «ծախված», «վաճառված» լինելու մասին մեղադրանքները դեռևս չեն ապացուցում այս կամ այն խմբի, այսպես ասած, ազնիվ չլինելը, սակայն կային մեղադրանքներ, որոնց մեջ ռացիոնալ ինֆորմացիա կար:
Դիցուք, դիտարկենք հետևյալ տեղեկատվությունը. X ակտիվիստը չի աշխատում, հիմնականում արևմտյան ծրագրերով այս կամ այն արևմտյան երկիր է մեկնում, որպես այդպիսին ընտանեկան բիզնես չունի… ու հանկարծ 12 մլն դրամանոց մեքենա է գնում: Որտեղի՞ց, իհարկե կարելի է հազար ու մի աղբյուր նշել, հորեղբայրն է նվիրել, վիճակախաղով է շահել, խաղադրույք, կազինո…
Այս հարցի մեջ ամենախնդրահարույցն այն է, որ որպես կանոն, շարժումների կամ նախաձեռնությունների սկիզբ առնելուց որոշ ժամանակ հետո, շարժման գաղափարներից ու ծրագրերից, կարճ, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներից ելնելով` կտրուկ անցում է կատարվում ոչ բովանդակային քննարկումների:
Այնուամենայնիվ, քաղաքացին իրավունք ունի իմանալ. կոնկրետ անձինք ի՞նչ շահագրգռվածությունից ելնելով են ակտիվանում-պասիվանում: Վերջիվերջո, այդ ակտիվացումը, եթե նույնիսկ զուգորդվում է նաև բնական պահանջից զուտ աշխատանք է, թե՞ քաղաքացիական կեցվածք: