Կառավարությունում ստորագրվել է «Հայաստան-ՄԱԿ. 2016-2020 թթ. Զարգացման աջակցության ծրագիր»-ը: ՄԱԿ-ի զարգացման օժանդակության 2016-2020 թվականների շրջանակային փաստաթուղթը հանդիսանում է Հայաստանի և ՄԱԿ-ի միջև առաջիկա հինգ տարիների համար համագործակցության ուղեցույց: Հնգամյա ծրագրի բյուջեն կազմում է 119 մլն դոլար:
ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրի հիմքում են նաև հինգ ծրագրային սկզբունքներ՝ մարդու իրավունքների պաշտպանություն, կանանց և տղամարդկանց հավասարություն, շրջակա միջավայրի կայունություն, արդյունքներին միտված կառավարում և կարողությունների զարգացում:
Կարող ենք նշել, որ փաստաթուղթն իր մեջ ներառում է այն ոլորտները, որոնք նախանշված են ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում, և սպասվում է, որ ծրագրի իրականացումն իր ներդրումը կունենա Հայաստանի բնակչության բարեկեցության ապահովման գործում:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը Բրեդլի Բուզետտոն նշել է, որ ծրագիրը ճանաչում է Հայաստանի արձանագրած առաջընթացը, արձանագրում նորարարական լուծումներ՝ ի պատասխան ՀՀ-ի առջև ծառացող մարտահրավերների:
Ակնհայտ է, որ փաստաթղթի ստորագրումը նշանավորելու է Հայաստան–ՄԱԿ համագործակցության նոր փուլի սկիզբը: