Համաձայն տեղ գտած տեղեկատվական արտահոսքերի՝ նախկին «քաղբանտարկյալ» Տիգրան Առաքելյանին ձերբակալել են՝ ՀՀԿ մի շարք պատգամավորներին վարկաբեկող ինտիմ բնույթի նյութեր համացանցով տարածելու մեղադրանքով, ու որ առավել հետաքրքիր է՝ Առաքելյանը դա արել է անձամբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի հանձնարարությամբ։
Դատելով նրանից, որ ՀԱԿ-ի ակտիվը չի սկսել աղաղակել քաղաքական հետապնդումների մասին, այլ առավելապես կամ լռում է, կամ չիմացողների տեղ դնում իրենց, կամ էլ մեղմորեն փորձում ցրել թեման գոնե Զուրաբյանի վրայից, այս ամենն ուրեմն ամենայն հավանականությամբ համապատասխանում է իրականությանը, ու ՀԱԿ-ում գիտեն, որ ԱԱԾ-ն անհերքելի ապացույցներ ունի իր տրամադրության տակ։
Մյուս կողմից, անձամբ Զուրաբյանից նման ցածր քայլ սպասելի է։ Այս գործիչն ապացուցել է վաղուց, որ ինքն իսպառ զուրկ է սկզբունքայնությունից ու ինտրիգային է, և որքանով ես եմ հասկանում, ծառուկյանական ֆինանսավորման աղբյուրի հատումից հետո Զուրաբյանը պարզապես փորձել է այլ՝ ապօրինի եղանակներով ինչ-որ կերպ լուծել անձամբ իր ու վերջանականապես տրաքած ՀԱԿ-ի ֆինանսական խնդիրները։
Այստեղ հարցն ամենևին էլ ՀՀԿ պատգամավորների պաշտպանությունը չի։ Թեև նրանք, ինչպես ցանկացած ՀՀ քաղաքացի, ունեն սահմանադրական իրավունքներ, բայց նրանց իրավունքները թող պաշտպանեն պատկան մամինները։ Այստեղ մեկ ուրիշ բան կա. Զուրաբյանը հերթական անգամ խախտում է այն սակավաթիվ տաբուներից մեկը, որոնք գործում են մեր քաղաքական դաշտում ու թույլ տալիս քաղաքակրթվածության գոնե մինիմալ նորմեր պահել։
Ես կարծում եմ, որ չի կարելի մարդու անձնական կյանքին վերաբերող տեղեկատվությունն օգտագործել քաղաքական պայքարի համատեքստում, դե իսկ դրա միջոցով դրամաշորթություն անելը ոչ միայն չի կարելի, այլև քրեորեն պատժելի հանցագործություն է։ Մի բան է, երբ քաղաքական գործիչն աներեսաբար շարունակում է հռետորաբանել այն բանից հետո անգամ, երբ գաղտնալսած խոսակցությունը երկրի ողջ բնակչությանը պատկերավոր ցույց է տալիս, թե ինչպես է այդ գործիչն ուղնուծուծով ծախվում մեկ այլ քաղաքական ուժի, ով դեռ ոչ վաղ անցյալում քննադատությունների գլխավոր թիրախներից էր ու լրիվ այլ բան, նման ստոր քայլերի դիմել՝ անձնական ֆինանսական վիճակը բարեկարգելու նպատակներով։
Եթե այս ամենը հաստատվի, ապա ես ոչ միայն դեմ չեմ լինի, այլ որպես ՀՀ քաղաքացի կպահանջեմ, որպեսզի Զուրաբյանին ցուցադրականության տարրերով պատժեն օրենքի սահմաններում. մանդատից զրկեն ու քրեական պատասխանատվության ենթարկեն։ Համ էլ քաղաքական դաշտը քաղաքական ևս մեկ դիակով պակաս կլինի, առավել ևս, որ այդ դիակից առանձնակի ուժգնության գարշահոտ է գալիս։