Newsline.am-ը գրում է.

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ վարկատուների հետ գործարքի ընդունման ֆոնին խորհրդարանական կոալիցիայում տարաձայնությունների պատճառով երկրում կարող են անցկացվել վաղաժամ ընտրություններ: Հայտնում է Reuters-ը: 

Ցիպրասն ընդգծել է, որ Հունաստանի խորհրդարանում այլևս չկա գործող մեծամասնություն. «Ես վերջիններից մեկն եմ, ով ցանկանում է ընտրություններ, եթե երաշխավորվի խորհրդարանական մեծամասնության կողմից իր աշխատանքները մինչև քառամյա ժամկետի ավարտը կատարելը: Սակայն ես չունեմ խորհրդարանական մեծամասնություն, ինչի համար էլ մենք հարկադրված ենք գնալ ընտրությունների»:

Ցիպրասը Հունաստանի վարչապետ է դարձել 2015 թվականի սկզբին, երբ Հունաստանում իշխանության եկավ ձախակողմյան ՍԻՐԻԶԱ կուսակցությունը, որը մասնավորապես խոստացել էր հասնել նրան, որ վարկատուները պարտքեր ներեն: 

Հունաստանի ու վարկատուների միջև բանակցությունները տևեցին մի քանի ամիս, և հուլիսին Ցիպրասը հարկադրված եղավ գնալ զիջման ու համաձայնել վարկատուների պայմաններին, որոնք նախատեսում էին Հունաստանի խորհրդարանում տնտեսական կոշտ միջոցների օգտին քվեարկություն:

Հունաստանի խորհրդարանում քվեարկությունն ուղեկցվել է Ցիպրասի կուսակցության ներսում սկանդալներով ու դեմարշներով: Ցիպրասի մի քանի տասնյակ կուսակիցները հրաժարվեցին ընդունել Հունաստանին պարտադրված համաձայնագիրը, և այնուամենայնիվ որոշումն ընդունվեց` ընդդիմության աջակցության շնորհիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել