ԱՄՆ-ը տորպեդահարում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունները։ Համենայն դեպս, շատ մեծ է հավանակնությունը, որ ԱՄՆ Կոնգրեսի պալատները, որոնցում, ի դեպ, մեծամասնություն են կազմում Հանրապետականները, կարող է չվավերացնել համաձայնագրի ամերիկյան մասը, ու դա փաստացի կարժեզրկի այս բարդ փոխզիջման ողջ արժեքը։
Երեկ մի քանի ժամ շատ բուռն քննարկումներ են եղել ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում, որտեղ պետքարտուղար Ջոն Քերին ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի համոզի կոնգրեսականերին, որ ձեռք բերված համաձայնությունը միակ ողջամիտ ու առավելագույնս արդյունավետն էր բոլոր հնարավորներից, եթե քննարկվում է Իրանին միջուկային տերություն դառնալ թույլ չտալու հարցը։ Ըստ Քերիի՝ Իրանն այսօր այսպես թե այնպես ունի թե՛ բավարար գիտական, թե՛ նյութական բազա, որպեսզի ամենամոտ ապագայում ունենա առնվազն 12 մարտագլխիկից բաղկացած միջուկային զինանոց, ու ակնհայտ է, որ եթե Իրանին այլ կերպ չհամոզել, ապա ո՛չ պատժամիջոցների, ո՛չ էլ պատերազմական ճանապարհով հնարավոր չի լինի կասեցնել Իրանին։
Ի պատասխան Դեմոկրատների կողմից վերահսկվող Սպիտակ տան ու դրա արտաքին գործերով ներկայացուցիչ Քերիին՝ գրեթե ծաղրի են ենթարկել Հանրապետական մեծամասնության ներկայացուցիչներն ու հայտարարել, որ այն համաձայանգիրը, որն ասպարեզում է, պարզապես խայտառակություն է, որի համար վճարելու է ամերիկացի ժողովուրդը։
Հասկանալի է, որ այս հարցը գուցե նման սուր չընկալվեր ԱՄՆ Կոնգրեսում, եթե երկիրը չլիներ ընտրությունների նախաշեմին, ու Հանրապետականներն այս կերպ վերջնական ու տապալող հարված են ուզում հասցնել իրենց քաղաքական օպոնենտներին գալիք ընտրություններում, որոնցում, անկասկած, հիմնական քարոզչական մեխերից մեկը լինելու են Օբամայի աշխատակազմի տապալումներն արտաքին քաղաքականությունում։ Այլ կերպ ասված, սա իհարե պոպուլիզմ է Հանրապետականների կողմից, ովքեր լավ էլ հասկանում են, որ ի՜նչ էլ անեն, Իրանը, միևնույն է, ունենալու է միջուկային զենք, ու հենց իրենք գան իշխանության, ինչ-որ համաձայնության, այնուամենայնիվ, կհանգեն։ Ողջ հարցը նրանում է, որ հիմա մեծ ջանքերով ձեռք բերված այս համաձայնագիրն Իրանի հետ կարող է տապալվել հանուն ամերիկյան ներքաղաքական խաղերի, ու դեռ հարց է, թե դա իրականում ում ավելի շատ կվնասի։